Սահմանադրական դատարանի դատավորներից դեռ ոչ ոք չի դիմել ԱԺ նախագահին՝ վաղ թոշակի գնալու հարցով։ Թեև երկամսյա ժամկետը լրանում է այսօր, սակայն խորհրդարանը Բարձր ատյանի ո՛չ նախագահից, ո՛չ էլ 6 դատավորից դիմում չի ստացել։ «Լուրերին» հայտնել է ԱԺ նախագահի օգնականը։
Դեկտեմբերին խորհրդարանն ընդունել էր Սահմանադրական դատարանի դատավորների վաղ կենսաթոշակային համակարգի ներդրման օրինագիծը, որով առաջարկվում էր ցանկության դեպքում ինքնակամ հրաժարական տալ և մինչև իրենց պաշտոնավարման ժամկետի լրանալը ստանալ աշխատավարձի չափով կենսաթոշակ։ Դրա համար բյուջեից վճարվելու էր ավելի քան 600 միլիոն դրամ։