ՈՉ քարոզչական կողմ ձևավորած քաղաքացիներից Էլինար Վարդանյանը Ֆեյսբուքում անդրադարձել է հանրաքվեին: ՈՉ-ի կողմնակիցը կանխատեսում է՝ ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն:
«Այսօր կարող ենք արձանագրել, որ ՍԴ դատավորներից յուրաքանչյուրի վարքագիծը սահմանադրական արդարադատությանը պատվով ծառայելու օրինակ կարող է լինել։ Վարքագիծ, որը զերծ էր ավելորդ աղմուկից և պաթոսից։ Բարեբախտաբար, հանրության բավականին լայն շրջանակներ պաշտպանեցին նրանց դիրքորոշումը՝ ստեղծելով արդյունավետ հանրային վահան՝ այսօրվա հակաօրինական միջավայրում։ Բայց առջևում ՍԴ դատավորներին սպասում է նոր փորձություն։ Առաջիկա ամսվա ընթացքում նրանք արժանանալու են էժան հռետորաբանության, ասվելու են բաներ, որոնք սովորաբար հրապարակային գործիչներն իրենց թույլ չեն տալիս։ Հերթական անգամ թիրախավորվելու են ՍԴ դատավորները, պարզվելու է, որ Սահմանադրական դատարանը «ուղիղ և սարսափելի սպառնալիք է ժողովրդավարության համար և այսպիսի Սահմանադրական դատարանը ձևավորվել է Հայաստանում ժողովրդավարության զարգացում թույլ չտալու համար», և որ շուտով ՍԴ-ն ազատելու է բոլոր կոռուպցիոներներին։
Հանրաքվեի օրն էլ կանցնի, բայց նստվածքը մնալու է։ Մեր պետությունը հայտնվելու է միջազգային կառույցների թիրախում, իսկ մի փուլ հետո սկսվելու է նաև իրավական գործընթաց։ Միջազգային կառույցների՝ արդեն իսկ եղած արձագանքներին հաջորդելու են ավելի կոշտ արձագանքներ, իսկ հանրաքվեի սահմանադրականությունը դառնալու է իրավապահների քննության առարկա»,- գրել է Վարդանյանը։