«Ջազային խճանկար»՝ բեմական այս նոր ձևաչափը ենթադրում է համերգի, երաժշտագիտական դասախոսության և հանդիսատեսի հետ հարցուպատասխանի միաձուլում: «Ջազային խճանկարի» ընթացքում Հանրային ռադիոյի Էստադային-սիմֆոնիկ նվագախմբի կենդանի կատարումները մեկնաբանելու են նվագախմբի հիմնադիր, պրոֆեսոր Մարտին Վարդազարյանը և գեղարվեստական ղեկավար Երվանդ Երզնկյանը:
Ներկայացվող ձևաչափի առանձնահատկություններից է նաև այն, որ այս ամենը տեղի է ունենալու ոչ թե համերգասրահում, այլ հենց Հանրային ռադիոյի երաժշտական ձայնագրությունների լեգենդար 6-րդ ստուդիայում, որտեղից դուրս է եկել հայկական ջազի դասական գործերի մեծ մասը:
Ստուդիան բեմական տարածքի վերածելու գաղափարը ոչ միայն հնարավորություն կտա հանդիսատեսին ամենայն խորությամբ ընկղմվելու ջազային պատմության մեջ, այլև կստեղծի մաքուր ակուստիկ երաժշտություն լսելու բացառիկ հնարավորություն՝ առանց համերգային միկրոֆոնների և ուժեղացուցիչների:
Ամեն ինչ ջազի ակունքների, ներկայի ու ապագայի, ինչպես նաև ջազային անկրկնելի հայկական ձեռագրի մասին՝ փետրվարի 29-ին՝ ժամը 16-ին, հենց ռադիոտանը:
Տոմսերը վաճառվում են Հանրային ռադիոյի առաջին հարկում։