ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում Հայաստանում Ճապոնիայի դեսպանության և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի միջև Ճապոնիայի կառավարության Grassroots մշակութային դրամաշնորհային աջակցության ծրագրով ստորագրվել է պայմանագիր Հայաստանի պետական կամերային նվագախմբին երաժշտական գործիքներ տալու վերաբերյալ: Պայմանագիրը ստորագրել են Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան և «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Նորայր Նազարյանը: Ներկա էր նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը, որը ողջունել է դեսպանին և բարձր է գնահատել նրա աջակցությունը հայ երաժշտարվեստի զարգացման և կատարելագործման գործում: «Վստահ եմ՝ Ձեր այս աջակցությամբ մեր հանգուցային կառույցներից մեկը՝ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը, էապես բարելավելու և կատարելագործելու է իր մասնագիտական որակն ու կարողությունները»,- ասել է նախարարի տեղակալը:
Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան իր խոսքում նշել է, որ վերջին տասնամյակներում բազմաթիվ առիթներով ներկա է եղել Կամերային երաժշտության ազգային կենտրոնի համերգներին և համերգասրահն իր համար շատ հարազատ է դարձել: «Հայաստանը, միանշանակ, երկրագնդի ամենահարուստ երկիրն է իր պատմությամբ և մշակույթով, մասնավորապես, նրա երաժշտության խորությունն ու ուժը անգերազանցելի են: Արամ Խաչատրյանի անունը հայտնի է Ճապոնիայի յուրաքանչյուր դպրոցականի: Մենք նույնիսկ ունենք կազմակերպություն, որ կոչվում է «Ճապոնիայի Կոմիտասի երաժշտական հասարակություն»: Մեծ պատիվ է ունենալ այսկերպ խոնարհ ներդրում կատարելու հնարավորություն՝ երաժշտական մեծագույն ավանդույթի հաջողության և հետագա ծաղկման գործում, որն ունի հավերժական և տիեզերական նշանակություն»,- ասել է դեսպանը:
Դրամաշնորհով «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն այս տարվա ընթացքում ձեռք կբերի Ճապոնական Yamaha ապրանքանիշի երաժշտական գործիքներ, այդ թվում՝ ռոյալ, տիմպանիներ, թմբուկներ, քսիլոֆոն, գլյոկենշպիլ և այլ հարվածային գործիքներ: Ծրագրի արժեքը շուրջ 91 հազար դոլար է: Ձեռք բերվող երաժշտական գործիքները հիմնարար նշանակություն ունեն Կամերային երաժշտության ազգային կենտրոնի գործունեության համար ու հնարավորություն կտան սեփական գործիքակազմով և առավել մեծ ու բազմաոճ երկացանկով ներկայանալ երաժշտասեր հանրությանը:
Կամերային երաժշտության ազգային կենտրոնի տնօրեն Նորայր Նազարյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին և վստահեցրել, որ նոր գործիքների համալրումը հնարավորություն կտա էլ ավելի բարձր կարգի երաժիշտների հրավիրել և բարձրակարգ երկացանկ ընտրել:
Դիտեք նաև Նունե Ալեքսանյանի տեսանյութը: