Իրանի հետ օդային հաղորդակցության սահմանափակումը չկասեցրեց կորոնավիրուսի մուտքը Վրաստան։ Նախօրեին՝ միայն երեկ ուշ երեկոյան Վրաստանում իմացան, որ միացան այն երկրների շարքին, որտեղ կորոնավիրուսի դեպք է գրանցվել։ Տեղեկությունը ասուլիսի ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն։
Նախարարի խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացի 50-ամյա մի տղամարդու մոտ, որն Ադրբեջանի տարածքով Իրանից է ժամանել իրենց երկիր:
«Հիվանդը ներկայում մեկուսացված է․ այս փուլում նրա առողջությանը ոչինչ չի սպառնում: Ուզում եմ հավաստիացնել մեր համաքաղաքացիներին, որ խուճապի պատճառ չունենք, քանի որ կառավարությունն անում է ամեն ինչ և ձեռնարկում է բոլոր միջոցները՝ կանխելու կորոնավիրուսի համաճարակի տարածումը Վրաստանում»:
Վրաստանի իշխանությունն արագ արձագանքեց առողջապահության նախարարի հայտարարությանը։ Կեսգիշերին մոտ հայտարարվեց, որ րոպեներ առաջ ավարտվել է Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի գլխավորությամբ ստեղծված արտակարգ միջգերատեսչական համակարգող խմբի հանդիպումը: Արտակարգ խումբը կառավարության ղեկավարն ստեղծել էր Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվելուց անմիջապես հետո, որը գլխավորում է անձամբ: Վարչապետը բոլոր գերատեսչությունների ներկայացուցիչներից լսել է մանրամասն տեղեկություն վարակի տարածումից խուսափելու տեսանկյունից ընթացիկ և նախատեսված միջոցառումների մասին:
Արտակարգ համակարգող խմբի հանդիպման ընթացքում որոշում է կայացվել ավիաչվերթի հետ միասին Իրանից սահմանափակել նաև ցամաքային ճանապարհով մուտքը: Նշված որոշման մասին արդեն տեղեկացվել է իրանական կողմը:
Վաղ առավոտյան կրկին խոսեց վարչապետ Գախարիան։
«Վրաստանում գրանցվել է առաջին դեպքը, մենք չունենք խուճապի հիմք: Առողջապահության նախարարությունը, համապատասխան գերատեսչությունները և ստեղծված համակարգող միջգերատեսչական խորհուրդը լիովին վերահսկում են իրավիճակը: Բոլորս պետք է հաշվի առնենք Առողջապահության համաշխարհային կազմակերպության հանձնարարականները: Ակտիվորեն շարունակվում է համակարգող խորհրդի աշխատանքը, որն ստեղծվել է հունվարի 28-ին, և այդ խորհրդի արդյունավետ աշխատանքի արդյունքում Վրաստանի սահմանին բացահայտվեց առաջին դեպքը»,- հայտարարեց Վրաստանի Կառավարության ղեկավարը:
Խուճապը շրջանցել չհաջողվեց Ադրբեջանում։ Տեղեկությունը, որ Վրաստանում կորոնավիրուսով վարակված անձն Ադրբեջանի տարածքով է Վրաստան հասել, րոպեների ընթացքում դարձավ ադրբեջանական կայքերի թոփ թեման։ Ապոկալիպտիկ վերնագրերի պակաս չզգացվեց․
Սա ադրբեջանական կայքերից մեկի խորագրերից է։ Հոդվածում նշվում է, որ վարակված տղամարդը Ադրբեջանում տարբեր մարդկանց հետ որոշակի շփումներ է ունեցել։
Հայաստանում անհամեմատ հանգիստ արձագանքեցին Վրաստանում կորոնավիրուսի հայտնվելու դեպքին։ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը առավոտյան Ֆեյսբուքի էջում գրեց, որ քիչ առաջ է խոսել Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեի հետ, որպեսզի հասկանա կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը հարևան երկրում:
«Նախարարի հավաստմամբ` կորոնավիրուսով ախտորոշված պացիենտի հետ շփված 4 անձինք հետազոտվել են և նրանց մոտ չի հայտնաբերվել վարակը: Նրանք 14 օր կմնան մեկուսացման մեջ»,- գրել է Թորոսյանը:
Ավելի ուշ, Կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է մեր տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված, և ինչ է նախաձեռնել նախարարությունը դրա ներթափանցումը Հայաստան կանխելու համար:
«Վերջին ինֆորմացիան Վրաստանում երեկ արձանագրված մեկ դեպքն էր: Ես առավոտյան խոսել եմ իմ ընկերոջ հետ: Նրա հետ շփված բոլոր մարդկանց մոտ թեստը բացասական է ցույց տվել և նրանք մեկուսացվել են, որ երկու շաբաթվա ընթացքում կամ դառնան վարակակիր, կամ արդեն առողջ համարվելով՝ դուրս գրվեն: Գտնում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական իրավիճակը չի փոխվում»,- նշեց նախարար Թորոսյանը:
Վարչապետը հավաստիացրեց՝ բացառվում է, որ կորոնավիրուսի Հայաստան ներթափանցման տեղեկատվությունը կառավարությունը թաքցնի։
Հայաստանում կանխարգելիչ գործողությունները միայն առողջապահության նախարարությունը չէ, որ համակարգում է։ Նախօրեին կարևոր քայլ կատարեց ՀՀ պաշտպանության նախարարությունը․ փետրվարի 25-ից ՀՀ ԶՈՒ բոլոր զորամասերում արգելվեցին զինծառայողների ծնողների և հարազատների այցելությունները, պարտադիր ժամկետային զինծառայողների բոլոր տեսակի արձակուրդներն ու ազատ արձակումները, այդ թվում՝ վերականգնողական (բուժական) արձակուրդների տրամադրումը (բացառությամբ «Ես եմ» ծրագրով զինվորական ծառայություն անցնող զինծառայողների)։
ՀՀ ՊՆ-ի հաղորդագրությունում նշվում է, որ ՀՀ զինված ուժերում կանխարգելիչ միջոցառումները նպատակ ունեն կանխել կորոնավիրուսային հիվանդության ներթափանցումը զորամասեր, հնարավորինս ապահովագրել զինծառայողներին վարակվելուց և անհրաժեշտության դեպքում ճիշտ կազմակերպել հակահամաճարակային գործողությունները։
Արցախն ու կորոնավիրուսը
Արցախի կառավարությունը ևս կանխարգելիչ միջոցառումներ է ձեռնարկել։ Ստեփանակերտից հայտարարել են, որ հաշվի առնելով Արցախում վերին շնչառական ուղիների սուր վարակներով և գրիպով հիվանդացության որոշակի աճն ու հարևան երկրներում կորոնավիրուսով հիվանդացության դեպքերը՝ Արցախի Հանրապետության պետական նախարարի գլխավորությամբ և մի շարք գերատեսչությունների ներգրավմամբ իրականացվել են մի շարք միջոցառումներ՝ կորոնավիրուսի ներթափանցումը կանխելու և հանրապետությունում համաճարակային վիճակը կայուն պահպանելու նպատակով.
«Ամենօրյա մշտադիտարկում է իրականացվում հանրակրթական և նախադպրոցական հիմնարկներում: Գործող չափորոշիչների համաձայն՝ 25 տոկոսից ավելի բացակայության դեպքում անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես դադարեցնել գործունեությունը:
Այսօրվա դրությամբ 232 դպրոցից 93-ի դասապրոցեսն ու բոլոր նախակրթարանների գործունեությունը դադարեցված են՝ վերին շնչուղիների սուր վարակի հետագա տարածումը կանխարգելելու նպատակով»:
Աշխարհն ու կորոնավիրուսը
Մինչև Հարավային Կովկասում նախապատրաստվում են հնարավոր բոլոր զարգացումներին, կորոնավիրուսը շարունակում է նոր տարածքներ «գրավել»։ Ամեն օր վարակի հարյուրավոր նոր դեպքեր են գրանցվում մոլորակի տարբեր երկրներում:
Ժամեր առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի առաջին դեպքը գրանցվել է Էստոնիայում, դրանից առաջ էլ տեղեկություն էր տարածվել, որ Նորվեգիան ևս միացել է իր տարածքում կորոնավիրուս գրանցած երկրների շարքին։
Կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում այս պահին գերազանցում է 82 հազարը, որոնց մեծամասնությունը Չինաստանում են: Ընդհանուր առմամբ, մահացել են ավելի քան 2800-ը:
Չինաստանում գրանցվել է 78064, Ավստրալիայում՝ 23, Ֆրանսիայում՝ 18, Գերմանիայում՝ 19, Իրանում՝ 139, Իտալիայում՝ 374, Ճապոնիայում՝ 705, Քուվեյթում՝ 25, Մալայզիայում՝ 22, Սինգապուրում՝ 91, Հարավային Կորեայում՝ 1261, Իսպանիայում՝ 11, Թայվանում՝ 31, Թաիլանդում՝ 40, ԱՄԷ-ում՝ 13, Մեծ Բրիտանիայում՝ 13, Միացյալ Նահանգներում՝ 57, Վիետնամում՝ 16: Աֆղանստանում, Ալժիրում, Ավստրիայում, Բելգիայում, Բրազիլիայում, Կամբոջայում, Խորվաթիայում, Դանիայում, Եգիպտոսում, Էստոնիայում, Ֆինլանդիայում, Վրաստանում, Հունաստանում, Հնդկաստանում, Իրաքում, Իսրայելում, Լիբանանում, Նեպալում, Հյուսիսային Մակեդոնիայում, Օմանում, Պակիստանում, Ֆիլիպիններում, Ռուսաստանում, Շրի Լանկայում, Շվեդիայում, Շվեյցարիայում՝ 1-5 դեպք: