Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանի թշնամիները փորձում են օգտագործել կորոնավիրուսը՝ իրանական տնտեսությունը ոչնչացնելու համար:
«Անթույլատրելի է, որ հիվանդությունը վերածվի զենքի, որի նպատակն Իրանի ամբողջ արտադրությունը կաթվածահար անելն է»,- ըստ ԻՌՆԱ-ի՝ ասել է երկրի նախագահը:
Պետության ղեկավարի՝ ազգին ուղղված ուղերձը նվիրված էր հենց նոր կորոնավիրուսի թեմային, որն, ըստ պաշտոնական թվերի, արդեն իսկ 15 մարդու կյանք է խլել: Իրանցի խորհրդարանականներից մեկը, սակայն, գործակալություններից մեկին ասել էր, որ միայն Քումում 50 մարդ է մահացել:
Ռոհանին հորդորեց չհավատալ այդ լուրերին և պնդեց, որ իշխանություններն անում են ամեն ինչ՝ կորոնավիրուսի դեմ պայքարելու համար՝ ներառյալ ախտահանիչ լուծույթների մեծ չափով արտադրությունն ու հիվանդության տեստավորման սեփական օրինակի շատ արագ շրջանառումը: Նախագահը նաև պնդել է, որ այս փուլում չարժե խոսել երկրով մեկ կարանտինի հայտարարման մասին:
Հիշեցնենք, որ Իրանին սահմանակից պետությունները, բացառությամբ Ադրբեջանի և Թուրքմենստանի, փակել են իրենց սահմանն Իրանի հետ: Բազմաթիվ ավիաընկերություններ հաղորդել են դեպի Իրան օդային փոխադրումների դադարեցման մասին, ինչը, արևմտյան քարոզչության համաձայն, դարձել է Մերձավոր Արևելքի տարածաշրջանում հիվանդության տարածման էպիկենտրոնը:
Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոն մեղադրել էր Իրանի իշխանություններին՝ համաճարակի մասշտաբների մասին ճշմարտությունը թաքցնելու մեջ, հորդորելով ճշմարտությունն ասել իրավիճակի վերաբերյալ: