«Աշխարհում տասնյակ ցուցիչներ կան: Այդ ցուցիչների առյուծի բաժնում Հայաստանը հստակ առաջընթաց է գրանցել»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում անդրադարձավ գլոբալ ցուցիչներում Հայաստանի շարժի վերաբերյալ Անվտանգության խորհրդի պատրաստած զեկույցին:
Վարչապետն ասաց նաև, որ ամենաանհանգստացնողը գործարարությամբ զբաղվելու ցուցիչն է, և պետք քաղաքական ուղենիշն այնպես լինի, որ գործարար միջավայրի հետ կապված Հայաստանում ստեղծվեն լավագույն պայմանները:
«Այսօր պետական կառավարման համակարգում դեռ կան մարդիկ, որոնք երկար տարիներ այդ նույն կաբինետներում նստած՝ իրենց կյանքի օրակարգը ձևակերպել են ըստ օրվա մեջ ստացվող մաղարիչների թվի և այդ մարդիկ չարացած են այսօր հեղափոխության, ամեն ինչի վրա»,- ասաց վարչապետը: Փաշինյանի խոսքով՝ պետք չէ, որ դանակը հասնի ոսկորին, և մարդիկ սկսեն բաց նամակներով դիմել: Վարչապետը հիշեցրեց, որ դեռ սկզբում որդեգրել են այն սկզբունքը, որ չեն պատրաստվում գերանդին առնել ու հնձել՝ կադրային ջարդ անել, բայց դա չի նշանակում, որ պետք է չարաշահել այդ գործելաոճը: «Հերիք է՝ ժամանակը սպառվել է. այդ մարդիկ պետք է պետական կառավարման համակարգից թողնեն-գնան»,-նշեց վարչապետը: