Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավիճակ է մեր տարածաշրջանում կորոնավիրուսի հետ կապված, և ինչ է նախաձեռնել նախարարությունը դրա ներթափանցումը Հայաստան կանխելու համար:
Թորոսյանը ներկայացրեց թվեր: Երեկվա տվյալներով՝ աշխարհում արդեն 37 երկրում արձանագրվել են կորոնավիրուսով վարակվելու դեպքեր: Ընդհանուր՝ 81109 դեպք է արձանագրվել, որից 78191-ը՝ Չինաստանում: Տարածաշրջանում էլ իրավիճակը ներկայացնելիս Թորոսյանը նշեց, որ Իրանում վերջին տվյալների համաձայն՝ արձանագրվել է 139 դեպք, որից 19-ը՝ մահվան ելքով:
«Վերջին ինֆորմացիան Վրաստանում երեկ արձանագրված մեկ դեպքն էր: Ես առավոտյան խոսել եմ իմ ընկերոջ հետ: Նրա հետ շփված բոլոր մարդկանց մոտ թեստը բացասական է ցույց տվել, և նրանք մեկուսացվել են, որ երկու շաբաթվա ընթացքում կամ դառնան վարակակիր, կամ արդեն առողջ համարվելով դուրս գրվեն: Գտնում եմ, որ Վրաստանում մեկ դեպքի արձանագրումով համաճարակաբանական իրավիճակը չի փոխվում»,- նշեց նախարար Թորոսյանը:
Վարչապետը նշեց, որ այն մարդը, որի մոտ Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուս, Իրանից Ադրբեջանի տարածքով է գնացել Վրաստան, և , ըստ էության, շփվել է միայն սահմանի անցակետերի աշխատակիցների հետ, այսինքն՝ դա Վրաստանում վարակվելու դեպք չէ:
Թորոսյանը վարչապետին ներկայացրեց նաև երեկ Իրանից հատուկ չվերթով հայրենիք ժամանած 52 քաղաքացիների առողջական վիճակի մասին տվյալներ և նշեց, որ նախնական ստուգումներով նրանցից որևէ մեկի մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել:
Նիկոլ Փաշինյանը, խոսելով զինված ուժերում կորոնավիրուսի հետ կապված այցելությունների սահմանափակման մասին՝ հայցեց ծնողների ներողամտությունը, խնդրեց, որ ծնողներն ու հարազատները ըմբռնումով մոտենան այս փուլում: Վարչապետը նաև հույս հայտնեց, որ Իրանում շատ արագ իրավիճակը կկարգավորվի, և Հայաստանն օր առաջ կբացի Իրանի հետ փակած սահմանը:
Վարչապետը նշեց, որ բոլոր անհրաժեշտ միջոցները ձեռնարկվում են, և Հայաստանն ապրում է իր բնականոն կյանքով։ «Հանրությունը պետք է համոզված լինի, որ եթե ինչ-որ անհանգստացնող տեղեկություն լինի, այն կհանրայնացվի։ Ես գիտեմ, որ նման դեպքերում խուճապ տարածողները շատանում են, բացառվում է, որ լինի դեպք, ու կառավարությունը թաքցնի էդ տեղեկությունը հանրությունից»,- ընդգծեց Ն.Փաշինյանը։