Ավստրալիայի հայկական, հունական ու ասորական համայնքների ազգային կազմակերպությունները Կանաչ մայրցամաքի մայրաքաղաք Կանբերրայում ստորագրել են «Արդարության համատեղ նախաձեռնություն» փոխըմբռնման հուշագիրը:
Ավստրալիայի հայկական ազգային հանձնախմբի մամուլի ծառայությունից մասնավորապես գրում են. «Հուշագրում նշվում է, որ Ավստրալիայի հայկական ազգային հանձնախումբը, Ասորական համաշխարհային դաշինքի ավստրալիական բաժինն ու Ավստրալիայի հունական խորհուրդը կշարունակեն և կընդլայնեն գործակցությունն ու Օսմանյան կայսրությունում թուրքական իշխանությունների կողմից բնիկ հայերի, հույների ու ասորիների նկատմամբ իրականացված ցեղասպանությունների հանդեպ արդարությանն ու միջազգայնորեն ճանաչմանն ուղղված համատեղ քարոզարշավը»:
Հուշագրի տեքստում նշվում է, որ երեք համայնքներն առաջ են քաշելու ցեղասպանությունների ճանաչման անհրաժեշտության գաղափարն ու դիմակայելու են Թուրքիայի ժխտողական քաղաքականությանը:
Արարողությանը ներկա են եղել Ավստրալիայի մոտ 100 դաշնային խորհրդարանականներ, դիվանագետներ, պաշտոնյաներ, գիտնականներ, լրատվամիջոցների ու համայնքների ներկայացուցիչներ: