Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի նիստի շրջանակում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Տատյանա Վալովայայի հետ:
ԱԳ նախարարն իր աջակցությունն է հայտնել Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակի կողմից միջազգային համագործակցության շրջանակում իրականացվող նախաձեռնությունների կյանքի կոչման և մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու ջանքերին։
Զոհրաբ Մնացականյանը և Տատյանա Վալովայան դրական են գնահատել Հայաստանի և ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի տարբեր կառույցների միջև հաստատված համագործակցության դինամիկան և տարբեր ոլորտներում միջազգային հանրության կողմից գործադրվող ջանքերին Հայաստանի ներդրումը։
ԱԳ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ Հայաստանը՝ որպես ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ, հետամուտ է լինելու մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների խթանմանը, ինչպես նաև ժողովրդավարական արժեքների ամրապնդմանը և տարածմանը։ Որպես առաջնահերթություն՝ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը շեշտել է նաև Ցեղասպանության կանխարգելման օրակարգի խթանումը։
Զրուցակիցները հանգամանալից մտքեր են փոխանակել Կայուն զարգացման-2030 օրակարգում ներգրավված նպատակների իրականացման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ։
ՄԱԿ-ի Ժնևյան գրասենյակի գլխավոր տնօրեն Վալովայայի խնդրանքով նախարար Մնացականյանը ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները և մարտահրավերները: