Վեց առաջատար թատրոնների դերասանները մեկ ներկայացման մեջ. մարտի 3-ին և 4-ին` Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի կունենա «Ժամացույցի զարկերը» ներկայացման պրեմիերան` ըստ Օսվալդ Զագրադնիկի համանուն ստեղծագործության:
«Ժամացույցի զարկերը» ներկայացման մեջ սիրված դերասանները հանդես կգան մայրաքաղաքի երեք թատրոններում՝ Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Սոս Սարգսյանի անվան Համազգային: Ներկայացման ռեժիսորն է Սամսոն Մովսեսյանը, ռեժիսորի օգնականը՝ Հրաչյա Գյումբալյանը, նկարչական ձևավորումը՝ Կարինե Բաբայանի:
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը կարևորելով նախաձեռնությունը` նշել է, որ այս ներկայացումը հարգանքի տուրք և խոնարհումի քայլ է մեր անվանի արտիստներին, որոնք իրենց գիտակցական կյանքը նվիրել են դերասանի մասնագիտությանը և այն վերածել առաքելության, որոնց վաստակը թատերական մշակույթի առաջընթացի մեջ անուրանալի է:
Ա. Խզմալյանը հատկապես կարևորել է ներկայացման ձևաչափը, ընդգծելով, որ ստեղծագործական խմբի, արտիստի, ստեղծագործող մարդու համար ամենավտանգավորը կայուն կենցաղն ու միապաղաղ միջավայրն է, անփոփոխ ստեղծագործական կազմը, կախվածությունը մեկ ռեժիսորից և հեղինակից: «Այս ձևաչափը գալիս է ապացուցելու, որ իսկապես պիտի փոխվեն ստեղծագործական հարաբերությունների ձևաչափերն ու տրամաբանությունը, և այս նորությունը միայն օգուտ է բերելու թե՛ դերասաններին, թե՛ հասարակությանը»,- նշել է նախարարի տեղակալը` հավելելով, որ այն արդյունքը, որը ձևավորվելու է տարբեր թատրոններից հավաքված դերասանների համագործակցության շնորհիվ, ներկայացվելու է ոչ միայն տիկնիկային թատրոնում, այլև տարբեր բեմահարթակներում: Ա. Խզմալյանի կարծիքով՝ պրեմիերայից հետո պետք է մտածել ներկայացումը մարզեր տանելու մասին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Ռուբեն Բաբայանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր արձագանքել են գաղափարին. «Փայլուն անսամբլ և շատ ժամանակակից գաղափար. վեց թատրոններից հրաշալի դերասաններ` հավաքված մեկ ներկայացման մեջ: Այսօր, երբ վերանում են ամեն տեսակ, առավել ևս՝ մշակութային սահմաններն աշխարհում, ժամանակն է, որ մենք վերացնենք մեզ մոտ եղած թատերական ասպարեզի ջրբաժաններն ու սահմանները»,- նշել է Ռ. Բաբայանը: Նա հույս է հայտնել, որ այս ներկայացումը կունենա շարունակություն և հետագայում հրաշալի դպրոց կդառնա երիտասարդ դերասանների համար: