Սահմանադրական հանրաքվեի ԱՅՈ քարոզչական կողմի տարբերանշանի վերաբերյալ հայտարարություն է տարածել «Գարուն» մարքեթինգային կազմակերպությունը:
«Հարգելի հայրենակիցներ, ստորև պարզաբանում եմ ստեղծված իրավիճակը։ Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասներին՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։
Այն իր մեջ ամփոփում է շղթաներից ազատման կոչի և, իհարկե, ԱՅՈ՛-ի ոգին։ «Գարուն»-ը տեղին է համարել օգտագործել պաստառի տառատեսակը և, մշակելով այն, վերածել է ԱՅՈ՛ արշավի լոգոտիպի։
Նշեմ, որ ՀՀ օրենսդրությունը հստակ տարբերակում է պաստառի և լոգոտիպի սահմանումը, ինչպես նաև հեղինակային իրավունքի խախտման կարգը։ «Գարուն»-ը որևէ մեկի հեղինակային իրավունքը չի՛ խախտել։
Հարգելով Նորայր Ենգիբարյանի, Ցոլակ Կանթեղ Ղանդիլյանի, Ստեփան Նորոյանի աշխատանքը՝ մենք միանում ենք ԱՅՈ՛ շտաբի որոշմանը։ «Գարուն» գործակալության ստեղծած և մշակած լոգոտիպը կշարունակի մնալ ԱՅՈ՛ արշավի խորհրդանիշը, և մեր գաղափարը կծառայի իր նպատակին։
Շնորհակալ ենք բոլորին՝ արտահայտած հետաքրքրության, կարծիքների և սատարման համար»,- ասված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք, որ տարբերանշանի հետ կապված աղմուկ բարձրացավ։ Տարբերանշանի ի հայտ գալուց հետո սոցցանցերում հայտնվեց 1991-ին «Երեկոյան Երևան» թերթում տպագրված մի նկար, որում ԱՅՈ-ն նույնն էր, ինչ ներկայիս տարբերանշանը։