ՀՀ քաղաքաշինության տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Շիրակի տարածքային բաժնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները, 2020 թ. հունվարի 20-31-ը ներառյալ, ստուգումներ են իրականացրել «ԱՆԳ» ՍՊ ընկերության շաքարի գործարանում, «Լենտեքս» ՍՊ ընկերության արտադրամասում և «Սի Փի Էս Օիլ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստում։
Ստուգման արդյունքում ընկերություններում հայտնաբերվել են հրդեհային անվտանգության կանոնների և նորմատիվ փաստաթղթերի պահանջների մի շարք խախտումներ։ Մասնավորապես, «Ալեքս Հոլդինգ» ՍՊ ընկերության վարչական մասնաշենքի մուտքի դռները բացվում էին դեպի ներս, սակայն մինչ ստուգման գործընթացի ավարտը դռների բացման ուղղությունը փոխվեց ելքի ուղղությամբ։ Գործարանն ամբողջությամբ համալրված չէ հրդեհի ազդարարման ավտոմատ համակարգով, այն առկա է միայն հումքի պահեստում։
«Լենտեքս» ՍՊ ընկերության վարչական շենքը, արտադրամասը և պահեստները չունեն հրդեհի ազդարարման ավտոմատ համակարգ, արտադրամասը սարքավորված չէ ներքին հակահրդեհային ջրացանցով՝ հրշեջ ներքին ծորակներով։
«Սի Փի Էս Օիլ» ՍՊ ընկերության նավթամթերքի պահեստը չունի արտաքին հակահրդեհային ջրամատակարարում և հրդեհի ազդարարման ավտոմատ համակարգ, ինչպես նաև քարաշեն օժանդակ շինության կտուրի փայտյա հիմնատարրերը մշակված չեն հրապաշտպան լուծույթով։
Տարածքային բաժնի աշխատակիցներն իրականացրել են խորհրդատվական և բացատրական աշխատանքներ, որի արդյունքում մի շարք խախտումներ և բացթողումներ վերացվել են տեղում, մյուս խախտումների վերաբերյալ տրվել են կարգադրագրեր թերությունների վերացման համար։
Նշված երեք օբյեկտներում էլ հրդեհային անվտանգության կանոնների խախտումների համար պատասխանատու պաշտոնատար անձանց նկատմամբ կայացվել են որոշումներ՝ վարչական պատասխանատվության ենթարկելու համար։