Սիրիայի Իդլիբ նահանգի հարավում կառավարական ուժերը շարունակում են գործողություններն ահաբեկչական «Ջեբհաթ ան-Նուսրայի» և այլ խմբերի դեմ, որոնց աջակցում է Թուրքիան:
Փետրվարի 25-ին, կեսօրից հետո, բանակն արդեն ազատագրել էր Բաարբո, Մաար-Թմաթար և Մաար-Թսին գյուղերը, ոչնչացնելով գրոհայինների բոլոր հենակետերն ու դիրքերը: SANA-ի փոխանցմամբ՝ Ասադի բանակը շարունակել է հետապնդում են մնացած ահաբեկիչներին, որոնք փախել են Քաֆր-Նաբալ քաղաքի ուղղությամբ:
Այս տարածքը, ըստ երկրի ԶՈՒ բարձրագույն ղեկավարության տարածած հաղորդագրության, նահանգի հարավում գտնվող խմբավորումների կարևոր ամրոցներից մեկն է եղել վերջին տարիներին, այդ պատճառով էլ խուճապ է սկսվել ահաբեկիչների շարքերում՝ սիրիական բանակի առաջխաղացման հետևանքով (հաղորդագրության մեջ նշվում է նաև, որ նախորդ օրը բանակը ազատագրել է Իդլիբի հարավում գտնվող 8 բնակավայր՝ ներառյալ մեկ այլ կարևոր բնակավայր՝ Թել Ան-Նարը, որտեղ հայտնաբերվել են ահաբեկիչների զինապահաեստներ, զենքի արհեստանոցներ, շտաբներ, բանտեր, թունելներ, բունկերներ և այլն):
Արդեն ուշ երեկոյան հաղորդվում էր, որ սիրիական բանակն ազատագրել է նաև Քաֆր-Նաբալը և շարժվում է նահանգային կենտրոն Իդլիբի ուղղությամբ: Ավելի ուշ SANA-ն նաև հաղորդեց, որ Իդլիբի հարավում՝ Սերաքիբ քաղաքի մերձակայքում, սիրիական բանակը ոչնչացրել է թուրքական ԱԹՍ, որը հետախուզական նկարահանումներ էր անում օդում: