Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի և Աբու Դաբիի թագաժառանգի հովանու ներքո փետրվարի 22-23-ը Աբու Դաբիում անցկացված «UMEX/SimTEX 2020» հեղինակավոր ցուցահանդես-համաժողովը նվիրված էր պաշտպանական տեխնոլոգիաներին, ռոբոտացված և անօդաչու համակարգերին, դրանց ներուժի առավելագույն օգտագործմանը առաջիկա տասնամյակների ընթացքում:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության հարցերով պետական նախարարի հրավերով Աբու Դաբիում փետրվարի 22-23-ը մասնակցել է միջոցառմանը: Նախարարը հանդես է եկել որպես համաժողովի բանախոս և մի շարք հանդիպումներ ունեցել բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ քննարկելով ոլորտում երկու երկրների փոխգործակցության հեռանկարները:
Էմիրությունների փոխվարչապետ, նախագահական հարցերով նախարար Շեյխ Մանսուր բին Զայեդ Ալ Նահյանիին նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանում ստեղծված՝ արհեստական բանականության հիմքով նավիգացիոն համակարգերը:
ԱՄԷ Մուբադալա ներդրումային ընկերության խմբի ղեկավարի տեղակալ Հոմմիդ Ալ Շիմարիի հետ հանդիպման ընթացքում հայկական կողմը քննարկել է համագործակցության ակտիվացման հնարավորությունները՝ բարձր տեխնոլոգիաների ոլորտում վենչուրային ներդրումների, ձեռներեցության զարգացման, կրթական ծրագրերի իրականացման և էկոհամակարգի զարգացման հիմնական ուղղություններով:
Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանության պետնախարար Մոհամմեդ Ահմեդ ալ Բովարդիի հետ հանդիպման ընթացքում նախարար Արշակյանին է ներկայացվել ԱՄԷ զինվորական համակարգում ներդրված «Ապագայի զինվոր» ծրագիրը:
Նախարարը կարևորել է Հայաստանի հետ Էմիրությունների գործակցությունը և մատնանշել հարաբերությունների խորացման և զարգացման անհրաժեշտությունը հատկապես ռազմաարդյունաբերական և պաշտպանական ոլորտներում:
Նախարար Հակոբ Արշակյանն իր հերթին մատնանշել է նախարարության ակտիվ գործունեությունը ռազմարդյունաբերության ոլորտի զարգացման ուղղությամբ, ներկայացրել տասնամյակների առաջատար գիտահեն ներուժն ու փորձը, հնարավորությունները, հայաստանյան ռազմարդյունաբերության կայուն և առաջանցիկ զարգացումը:
Նախարար Արշակյանը ԱՄԷ Նախարար Բովարդիին նաև հրավիրել է Հայաստան՝ մասնակցելու ս․ թ․ մարտի 26-28֊ը անցկացվող՝ սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսին: