Ժնևում տեղի է ունեցել ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Հունաստանի ԱԳ նախարար Նիկոս Դենդիասի հետ:
Գործընկերներն անդրադարձել են հայ-հունական բարեկամական հարաբերություններին առնչվող բազմաթիվ հարցերի: Նախարար Մնացականյանը նշել է, որ Հայաստանը բարձր է գնահատում եղբայրական Հունաստանի հետ հաստատված ջերմ հարաբերությունները՝ հիմնված դարերից եկող պատմական կապերի և փոխադարձ հարգանքի ու վստահության վրա:
Արտգործնախարարները վերահաստատել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցությունը խորացնելուն ուղղված համատեղ նախաձեռնություններով հանդես գալու պատրաստակամությունը՝ ընդգծելով, որ անցյալ տարի հաստատված Հայաստան-Հունաստան-Կիպրոս եռակողմ ձևաչափը գալիս է համալրելու երկկողմ օրակարգը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել եռակողմ ձևաչափի շրջանակներում 2020 թ․ ապրիլին Երևանում տեղի ունենալիք առաջին գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների շուրջ:
Դրական գնահատելով Հայաստանի և Հունաստանի միջև քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակը՝ արտգործնախարարները շեշտել են բարձրաստիճան փոխայցելություններին և արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև քաղաքական խորհրդակցություններին նոր լիցք հաղորդելու կարևորությունը:
ԱԳ նախարարներ Մնացականյանը և Դենդիասը մտքեր են փոխանակել տարածաշրջանային և միջազգային օրակարգի հրատապ հարցերի, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող զարգացումների շուրջ: