Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի առաջին դեպքը: Այս մասին, Apsny.ge-ի փոխանցմամբ, լրագրողների համար կազմակերպված հատուկ ճեպազրույցում հայտարարել է Առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարար Եկատերինա Տիկարաձեն:
Նախարարի խոսքով՝ վիրուսը հայտնաբերվել է Վրաստանի քաղաքացի 50-ամյա մի տղամարդու մոտ, որն Իրանից ժամանել է Ադրբեջանի տարածքով: Հիվանդը ներկայումս Թբիլիսիի ինֆեկցիոն հիվանդանոցում է, նրա վիճակը գնահատվում է բավարար: Տիկարաձեն նաև հայտարարել է, որ կառավարությունն անում է ամեն ինչ՝ Վրաստանում համաճարակը կանխելու համար:
«Ես ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ քաղաքացին մեր սահմանապահների կողմից ստուգվել է սահմանին, որը կահավորված է համապատասխան կերպով, քանի որ քաղաքացիների առողջությունը շատ կարևոր է մեզ համար: Նրանք կատարում են մեր բոլոր հրահանգները, և դա նվազեցնում է հիվանդության ռիսկը: Չնայած դրան, այժմ մենք նաև մեր մաքսային ծառայողների նկատմամբ ենք վերահսկողություն իրականացնում, և նրանք նույնպես կտեղափոխվեն կարանտինային տարածք:
Հիվանդը ներկայում մեկուսացված է, այս փուլում ոչինչ չի սպառնում նրա առողջությանը: Ուզում եմ հավաստիացնել մեր համաքաղաքացիներին, որ խուճապի պատճառ չունենք, քանի որ կառավարությունն անում է ամեն ինչ և ձեռնարկում է բոլոր միջոցները՝ կանխելու կորոնավիրուսի համաճարակի տարածումը Վրաստանում»,- հայտարարել է նախարարը: