«Եկել է ժամանակը, որ մենք խորը վերլուծենք և գնահատենք այն արդյունքները, որ վերջին 1.5 տարվա ընթացքում արձանագրել ենք կոռուպցիայի դեմ պայքարում՝ պետությունից գողացված միջոցների վերադարձի և պատճառված վնասների վերականգնման առումով»: Այս մասին կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդակցության ժամանակ նշել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Վարչապետն ընդգծել է, որ թեև կան աննախադեպ ձեռքբերումներ, բայց դրանք աննախադեպ են այնքանով, որ երբեք տեղի չէին ունեցել Հայաստանում, այսինքն՝ երբեք Հայաստանում կոռուպցիայի դեմ իրական պայքար չէր եղել:
ՀՔԾ-ի վերականգնված գումարները թվարկելուն զուգահեռ՝ Փաշինյանը նշեց, որ ԱԱԾ-ում 2019 թվականին վերականգնված գումարը 2017 թվականի համեմատ ավել է 1371 տոկոսով: Քննչական կոմիտեում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավել են 462 տոկոսով, ոստիկանությունում 2019 թվականի վերականգնումները 2017 թվականի համեմատ ավել են 10767 տոկոսով:
«Այս վիճակագրությունը և տոկոսային աճը տպավորիչ են, եթե չասենք՝ սենսացիոն, բայց եթե տոկոսները վեր ենք ածում բացարձակ թվերի՝ 2018 թվականի ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունից հետո մենք, ամենալավատեսական հաշվարկով, կոռուպցիոն գործերով վերականգնել ենք 150 միլիոն դոլարի վնաս՝ ներառյալ ՊԵԿ-ի քննչական վարչությունում քննվող վարույթների շրջանակում տեղի ունեցած վերականգնումները: Եթե ՊԵԿ-ի կողմից իրականացված վերականգնումները հանենք հաշվարկից, մեր այս թվաբանությունը կիսով չափ կկրճատվի, քանի որ ՊԵԿ-ում դժվար է տարանջատել կատարված ապավերականգնված զուտ հարկային պարտավորությունների հատվածը մաքուր կոռւպցիոն եկամուտներից»,- տեղեկացրեց վարչապետը:
Վարչապետը նաև շեշտեց, որ եթե հիմնվենք միայն ՀՔԾ, ԱԱԾ և ոստիկանության կողմից վերականգնումների վիճաակագրության վրա, արդյոք կարո՞ղ ենք պնդել, որ 1.5 տարվա ընթացքում 70-80 միլիոն դոլարի վերականգնումները համամասնորեն արտահայտում են այն վնասը, որը ՀՀ-ն վերջին 30 տարվա ընթացքում կրել է կոռուպցիոն հանցագործությունների հետևանքով: Ըստ վարչապետի՝ ոչ:
«Այս ողջ ընթացքում ես ընդունել եմ գործերի քննության համար առկա օբյեկտիվ և սուբյեկտիվ դժվարությունների, փորձագիտական կարողությունների սակավության ու պրոցեսի տևական լինելու, քննիչների ծանրաբեռնվածության մասին բացատրությունները: Չեմ կարող չխոստովանել, որ այդ բացատրությունների մի մասն իրոք արդարացված են»,- նշել է վարչապետը:
Փաշինյանի խոսքով՝ ժամանակն անցնում է, և իրավապահ համակարգի դանդաղկոտությունը կոռուպցիոներների մի մասին հնարավորություն է տալիս փախչել Հայաստանից, մյուս մասի համար հանցանշանները թաքցնելու պատուհան է բացում: Կան աղաղակող պատճառներ, երբ կոռուպցիոն գործարքների մեջ ներքաշված ընկերություններ կամ կոռուպցիոն ճանապարհով ձեռք բերված գույքեր ակնհայտորեն պատկանում են այս կամ այն նախկին կամ ներկա բարձրաստիճան պաշտոնյայի, բայց, ըստ Փաշինյանի, իրավապահ մարմինները այդ կապերը ապացուցող փաստեր չեն գտնում:
«Նման իրավիճակի առանցքային պատճառներից է, որ իրավապահ համակարգի ամենավերին օղակներում եղել են, բառիս բուն իմաստով, դավաճաններ, որոնք կոռուպցիայի դեմ պայքարի ծխացած կույտի տակ առաջնորդվել են այլ հաշվարկներով և այլ հանձնարարություններով»,- նշեց վարչապետը: