ՀՀ Արարատի մարզում այս տարի մեծ շուքով կնշվի Ծիրանի փառատոնը: Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը նկատել է, որ ծիրանը Հայաստանում առաջինը հասնում է Արմաշի և Սուրենավանի հատվածում, այդ իսկ պատճառով այս տարի նախատեսվում է մեծ շուքով ծիրանի փառատոն կազմակերպել, աշնանն էլ կնշվի բերքի տոնը:
Մարզպետը խնդիրների շարքում նշել է, որ այս պահին մարզում չկան հյուրանոցներ: «Զբոսաշրջիկները հիմնականում մեր մարզում չեն գիշերում: Քանի որ Երևանին շատ մոտ ենք, նրանք հանգրվանում են հենց այնտեղի հյուրանոցներում: Մեր մարզում կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում և Նորավանքում»,- նշել է Սարգսյանը։
Մարզպետի խոսքով՝ իրենք խնդիր ունեն հավուր պատշաճի զբոսաշրջիկներին ներկայացնելու մարզի տուրիստական գրավչությունը՝ Դվին հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը և այլ պատմական վայրեր։
Գարիկ Սարգսյանը հավաստիացրել է, որ մարզի բոլոր խնդիրներն առաջիկա տարիներին կլուծեն, որպեսզի այդ վայրերն ավելի հասանելի լինեն զբոսաշրջիկների համար։