Այսօր աշխարհի առանձին երկրներում, մասնավորապես՝ Չինաստանում, նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը դեռևս լարված է:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության փետրվարի 25-ի տվյալներով` ամբողջ աշխարհում արձանագրվել է 80 239 դեպք, որից Չինաստանում` 77 780, 2 666-ը` մահվան ելքով: Չինաստանից դուրս 33 երկրում գրանցվել է 2 459 դեպք՝ 34 մահվան ելքով:
Չինաստանի Առողջապահության պետական հանձնաժողովի ամենօրյա զեկույցի համաձայն` փետրվարի 26-ի ժամը 18:00 դրությամբ՝ նոր կորոնավիրուսային վարակով (COVID-19) հաստատված դեպքերի թիվը կազմել է 78 195: Հաստատված դեպքերից առողջացածների թիվը 30 073 է: Գրանցվել է 2 718 մահ: Նույն աղբյուրը տեղեկացնում է նաև, որ աշխարհում գրանցվել է 81 226 հաստատված դեպք:
Առողջապահության նախարարության կողմից շարունակվում են նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) դեմ պայքարի համալիր միջոցառումները: Բժշկական կազմակերպություններն ապահովված են անհրաժեշտ բժշկական պարագաներով: Երկիր է ներկրվել նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) ախտորոշման համար թեստերի նոր խմբաքանակ: Չնայած Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նոր կորոնավիրուսային վարակի (CՕVID-19) բուժման ուղղությամբ այսօր որևէ կոնկրետ դեղ չի առաջարկվում, նախարարության մասնագետները ուսումնասիրել են թե՛ Չինաստանի, թե՛ այլ երկրների փորձը, ինչի արդյունքում մշակվում է նոր կորոնավիրուսային վարակով (CՕVID-19) պացիենտների վարման ընթացակարգ:
Իրանից ինքնաթիռով վերադարձող ուղևորների նկատմամբ հսկողությունը պատշաճ իրականացնելու համար առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մասնագետը մեկնել էր Թեհրան:
Թեհրան-Երևան ինքնաթիռը 52 ուղևորով, մասնագետի ուղեկցությամբ, վայրէջք է կատարել «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում: Բոլորը ուղևորները թե՛ օդանավ նստելիս, թե՛ ընթացքում և թե՛ վայրէջքից հետո ջերմաչափվել են: Նրանք որևէ գանգատ կամ ջերմություն չեն ունեցել, թեև լինելու են տնային հսկողության տակ:
Նշենք, որ երեկ ուժի մեջ մտած Իրան-Հայաստան սահմանային հատումները սահմանափակող կառավարության որոշման համաձայն՝ այսօր Մեղրիի անցակետից եկող բոլոր բեռնատարները տեղաշարժվել են առողջապահության նախարարության մասնագետների և ոստիկանության ուղեկցությամբ: Իրանի քաղաքացի վարորդների նկատմամբ սահմանվում է հսկողություն Հայաստանի ողջ տարածքում, այդ թվում՝ ՊԵԿ մաքսային պահեստներում, մինչև նրանց վերադառնալը, իսկ Հայաստանի քաղաքացի վարորդների նկատմամբ հսկողությունը սահմանվում է ըստ բնակության վայրի: