Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է Կուբայի ԱԳ նախարար Բրունո Էդուարդո Ռոդրիգես Պարիլլայի հետ:
Նախարար Մնացականյանը նշել է, որ չնայած առկա աշխարհագրական հեռավորությանը՝ Հայաստանն առանձնահատուկ կարևորություն է տալիս ամենատարբեր ոլորտներում Կուբայի հետ հարաբերությունների զարգացմանը և ամրապնդմանը: Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ հայ-կուբայական համագործակցության ընդլայնմանն ուղղված բոլոր ջանքերը վայելում են հայկական կողմի լիակատար աջակցությունը:
Արտգործնախարարները պատրաստակամություն են հայտնել գործնական ջանքեր ներդնել երկկողմ օրակարգի ընդլայնման և ամրապնդման ուղղությամբ: Երկուստեք կարևորվել է տարբեր մակարդակներով երկխոսության ակտիվացումը, արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև պարբերական խորհրդակցությունների անցկացումը՝ որպես տարբեր ոլորտներում համագործակցության առկա ներուժի լիարժեք կիրառման ուղղությամբ քայլերի ուղենշման հարթակ:
Նախարարներ Մնացականյանը և Պարիլլան դրական են գնահատել միջազգային հարթակներում Հայաստանի և Կուբայի միջև ձևավորված համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ աջակցության և վստահության վրա:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել միջազգային և տարածաշրջանային օրակարգի հրատապ հարցերի շուրջ: