Ժնևում ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նիստի շրջանակներում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչի հետ։
Կողմերը քննարկել են Հայաստանի և Եվրոպայի խորհրդի շրջանակներում համագործակցության հեռանկարները։ Երկուստեք գոհունակություն է հայտնվել Հայաստանի ու Եվրոպայի խորհրդի միջև տարբեր մակարդակներում հաստատված արդյունավետ երկխոսության և համագործակցության դրական դինամիկայի կապակցությամբ։
Մտքեր են փոխանակվել Եվրոպայում ժողովրդավարության ամրապնդման մարտահրավերներին միասնաբար դիմագրավելու և ԵԽ-ի գործունեության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ձեռնարկվելիք ջանքերի շուրջ:
Անդրադառնալով մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում ձեռքբերումներին և բացթողումներին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է մարդու իրավունքների համընդհանուր բնույթը և մարդու իրավունքների պաշտպանությունն ու խրախուսումը եվրոպական մայրցամաքի ողջ տարածքում, ներառյալ հակամարտության գոտիներում։
Զոհրաբ Մնացականյանը Մարիա Պեյչինովիչ Բուրիչին ներկայացրել է նաև Հայաստանում կառավարության նախաձեռնած ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։