Երևանի առաջին ատյանի դատարանը՝ դատավոր Վահե Միսկարյանի նախագահությամբ, մերժեց դատախազին ներկայացված բացարկի միջնորդությունը:
Հիշեցնենք՝ փետրվարի 25-ին Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն էր ներկայացրել դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Ամբաստանյալներից Սերժ Սարգսյանը և Բարսեղ Բեգլարյանը նիստին ներկա չէին, ներկա էր Սերգո Կարապետյանը, որն ավելի ուշ լրագրողների հետ զրույցում նշեց, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Դատական նիստը հետաձգվեց, հաջորդ նիստը տեղի կունենա մարտի 26-ին՝ ժամը 15:00-ին:
Քրեական գործով Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպելը, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանի օժանդակությամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: