Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը մասնակցել է Ազգային ժողովում հրավիրված՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներին:
Ելույթի ընթացքում փոխնախարարը ներկայացրել է Համաձայնագրով նախատեսված բարեփոխումների օրակարգը, հիմնական ուղղություններն ու անդրադարձել Կառավարության ռազմավարական տեսլականներին՝ դրանցից առանձնացնելով դատաիրավական բարեփոխումների, հակակոռուպցիոն և մարդու իրավունքների պաշտպանության, քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի ռազմավարություններն ու յուրաքանչյուրով նախատեսված գործողությունները: Բոլոր ռազմավարությունների դեպքում, նախարարի տեղակալ Գրիգորյանի տեղեկացմամբ, մշակումն իրականացվել է մասնակցային և ներառական կերպով, ապահովվել են քննարկումները մարզերում, կատարվել է ֆինանսական գնահատում, հաստատվել են ռազմավարական հաղորդակցության պլանները։
Դատաիրավական ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներից Քրիստիննե Գրիգորյանը հատկանշական է համարել սահմանադրական և ընտրական օրենսդրության բարեփոխումների կոնկրետ քայլերը, անցումային արդարադատության գործիքակազմի կիրառման շրջանակներն ու ուղղությունները, ինչպես նաև դատավորների անկախության, անաչառության և արդյունվետության ապահովմանն ուղղված գործողությունները: Վերջինի առումով փոխնախարարը մանրամասնել է, որ դրանք վերաբերում են դատավորների թեկնածուների որակավորման ստուգման և նշանակման, դատավորների և ԲԴԽ անդամների կարգապահական պատասխանատվության գործընթացի, բարեվարքության գնահատման ընթացակարգերի հստակեցմանը, ինչպես նաև թիրախավորվել են դատավորների թվի ավելացման և սոցիալական երաշխիքների ամրապնդման, ծանրաբեռնվածության նվազեցման և գործի քննության իրապես ողջամիտ ժամկետների ապահովման հարցերի լուծումները, էլեկտրոնային արդարադատության գործիքների կիրառման ու դատական իշխանության հաշվետվողականության կառուցակարգերի բարելավման խնդիրները։
Նշենք, որ ռազմավարության կարևոր ուղղություններից է նաև իրավապահ համակարգի (դատախազության, քննչական մարմինների) և քրեական արդարադատության համակարգի փոփոխությունը, քաղաքացիական և վարչական վարույթների արդյունավետության բարձրացումը։
Անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ռազմավարությանը՝ Քրիստիննե Գրիգորյանը կարևորել է հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի զարգացումը և նշել, որ ռազմավարությամբ սահմանվել են կանխարգելման, բացահայտման և քննության մարմինները, դրանց գործունեության երաշխիքներն ու համագործակցության, փոխզսպման ու հավասարակշռման մեխանիզմները։
ՄԻՊ ազգային ռազմավարությունից խոսելով՝ փոխնախարարը կարևորել է այն հանգամանքը, որ դրանով տրվել է մարդու իրավունքի պաշտպանության իրավիճակի գնահատականը, անդրադարձ է արվել նախորդ ռազմավարությունների իրականացման արդյունքներին, ինչպես նաև պետության հոգածության ներքո գտնվող, կյանքի համար վտանգավոր իրավիճակներում հայտնված անձանց կյանքի իրավունքի պաշտպանության խնդիրներին:
Ամփոփելով խոսքը՝ Քրիստիննե Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միության գործընկերներին՝ ռազմավարությունների մշակման աշխատանքներում նախարարությանն աջակցելու, կարևոր խորհրդատվությամբ ապահովելու համար և ընդգծել, որ ռազմավարական պլանավորման և իրականացման գործընթացին մեծապես նպաստել է արդարադատության ոլորտի երկխոսության ձևաչափը, որը, լինելով ոլորտի բոլոր շահառուների, ներառյալ՝ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավման հարթակ, միանշանակ ապացուցել է իր արդյունավետությունը։