2019 թվականը Արարատի մարզի համար բարեհաջող է եղել՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման, ճանապարհաշինության, գյուղատնտեսության ոլորտում գրանցած հաջողությունների առումով` 2019-ին կատարված աշխատանքն ու հետագա ծրագրերը ներկայացնելու համար հրավիրած ասուլիսի ժամանակ նշեց Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«2018 թվականին իրականացրել ենք ընդամենը 4 սուբվենցիոն ծրագիր, իսկ 2019-ին ներկայացրել ենք 80 հայտ, որից հաստատվել է 59-ը: Ցավոք, դրանցից մեկը՝ Այնթապի մշակույթի տան կառուցումը, կիսատ մնաց: 58 սուբվենցիոն ծրագրի մի մասը դեռևս ընթացքի մեջ է եղանակային պայմանների պատճառով: Կատարված ասֆալտապատման աշխատանքները գնահատվել են ոչ բավարար, սակայն մենք ընդառաջ ենք գնացել շինարարներին և թույլ տվել, որպեսզի մինչև 2020 թվականի օգոստոսը շտկեն իրենց թերությունները»,- ներկայացնելով վերջին մեկ տարում մարզում կատարված աշխատանքները՝ ասաց Արարատի մարզպետը։
Մարզպետը դժվարացավ նշել մարզում գործող գեթ մեկ հյուրանոցի անուն՝ ասելով, որ Արարատում զբոսաշրջիկները չեն գիշերում, անցնում են մարզով ու գիշերելու համար հասնում մայրաքաղաք:
«Ցավոք, այս պահին Արարատի մարզում մենք գեթ մեկ հյուրանոցային համալիր չունենք, որ ես կարողանամ նշել, և, սովորաբար, զբոսաշրջիկները մեր մարզում չեն գիշերում: Քանի որ մենք Երևանին շատ մոտ ենք, նրանք հանգրվանում են Երևանի հյուրանոցներում, և կարելի է ասել՝ մեր մարզով տրանզիտ անցնում են: Կանգառ են կատարում միայն Խոր Վիրապում, հետո՝ նաև Նորավանքում: Բայց մեր մարզում կա Դվինի հնավայրը, Արտաշատ մայրաքաղաքը, Խոր Վիրապը, Սուրբ Կարապետը, Կոռիշխանի բերդը և այլն»,- ասաց մարզպետը:
Մարզպետը խոսեց նաև այն մասին, որ Արարատի մարզում տարիներ շարունակ հարյուրավոր մարդիկ սոցիալական նպաստ են ստացել՝ դրա կարիքը չունենալով: Սարգսյանի խոսքով՝ քիչ չեն եղել նաև նպաստի կարիք ունեցող մարդիկ, որոնք ցուցակներից դուրս են մնացել:
Անդրադառնալով սպանդանոցների խնդրին՝ մարզպետը նշեց, որ մարզում ներդրում կատարողներ կան: «Մենք նրանց հետ քարտեզագրել ենք, թե որտեղ է ավելի ճիշտ կառուցել սպանդանոցները, որ հավասարաչափ հեռավորության վրա գտնվեն իրարից և հասանելի լինեն: Կլինեն նաև շարժական սպանդանոցներ: 17 տեղ ենք նշել մեր քարտեզի վրա և առաջարկել ենք այդ քարտեզը ներդրողներին»,- նշեց Գարիկ Սարգսյանը: