Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Կառավարությունում խորհրդակցություն է հրավիրել: Քննարկվել է կոռուպցիայի դեմ պայքարին նոր թափ ու որակ հաղորդելու հարցը: Վարչապետը, անդրադառնալով կոռուպցիայի դեմ պայքարի ընթացիկ վիճակին, նշել է, որ 2018 թվականի մայիսից Հայաստանում հայտարարվել է կոռուպցիայի դեմ անհաշտ պայքար: Վարչապետի խոսքով՝ այն արժանացել է ոչ միայն հայաստանյան հանրության, այլև միջազգային հանրության ուշադրությանը:
«Չնայած կոռուպցիայի դեմ պայքարի ծավալներն աննախադեպ են՝ ես բավարարված չեմ դրանց արդյունքներով: Նկատի ունեմ ոչ միայն կոռուպցիոն գործերով դատավճիռների կայացումը, որքան պետությունից ու ժողովրդից գողացված միջոցների վերադարձը Հայաստանի պետական գանձարան»,- ընդգծել է Փաշինյանը:
Վարչապետն ուշագրավ է համարել Հատուկ քննչական ծառայության փոխանցած տվյալները, որոնց համաձայն՝ 2019 թվականի գործունեության ընթացքում քրեական գործերով վերականգնված գումարը կազմել է 4 միլիարդ 331 միլիոն դրամ, որը 7 անգամ ավել է ՀՔԾ ողջ ծառայությունում քննված գործերով վերականգնված գումարը՝ միասին վերցրած: Վարչապետի խոսքով՝ նույն իրավիճակն է նաև այլ իրավապահ մարմիններում: