Կադրերում ծխելու դեմ պայքարի շվեդական տարբերակն է. անիմատորի տղամարդը զգում է, երբ կողքը ծխում են ու սկսում է հազալ:
Հայաստանում ծխելու դեմ պայքարը ոչ թե հնարամիտ վահանակներով, այլ խիստ տուգանքներով է սկսվել:
«Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» ՀՀ օրենքի մի շարք պահանջների կատարման վերահսկողությունը վերապահված է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնին (ԱԱՏՄ)։
ԱԱՏՄ-ի վերահսկողության շրջանակում են ծխախոտային արտադրատեսակների, դրանց պատկանելիքների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների (բացառությամբ բժշկական նպատակով օգտագործվող փոխարինիչների), ծխախոտային արտադրատեսակների նմանակների (այսուհետ՝ ծխախոտ)՝
☑️ գովազդը.
☑️ դրա իրացման մեջ մինչև 18 տարեկան անձանց ներգրավելը.
☑️վաճառասրահներում դրանք ցուցադրելը.
☑️հաղորդումների ժամանակ դրանք կամ դրանց օգտագործումը ներկայացնելու
արգելքին ու սահմանափակումներին ներկայացվող պահանջների խախտումները (հոդված 47.15.):
Ո՞ր դեպքերում ԱԱՏՄ-ն որքա՞ն տուգանք կկիրառի
❌ Եթե գովազդվում է ծխախոտը։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
❌ Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը ներկայացվում է այլ ապրանքների/աշխատանքների/ծառայությունների գովազդում՝ խոսքի, ձայնի կամ պատկերի միջոցով։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
❌ Եթե ծխախոտը հիշատակվում կամ ներառվում է այլ ապրանքի/աշխատանքի/ ծառայության գովազդում։ Տուգանքը՝ 750-800 հազար դրամ։
❌ Եթե ծխախոտը տեղադրվում կամ ցուցադրվում է դրա իրացման (վաճառքի) համար նախատեսված տարածքներում, այդ թվում՝ վաճառասրահներում՝ սպառողի համար տեսանելի վայրում։ Տուգանք նախատեսված է նաև ծխախոտի դատարկ տուփերի, բոքսերի, բլոկների, մեծացրած տուփերի, ապրանքային նշանը իմիտացնող գունային պաստառների, դրանց ապրանքային նշանների կամ խորհրդանիշերի առկայության համար։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։ Օրենքի այս դրույթն ուժի մեջ է մտնում 2021-ի հունվարի 1-ից։
❌Եթե ծխախոտը կամ դրա օգտագործումը պատկերվում է ՀՀ-ում արտադրված, երեխաների համար նախատեսված տեսաձայնային ստեղծագործություններում՝ ֆիլմեր, թատերական ներկայացումներ, հեռուստատեսության, ռադիո- կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող հաղորդումներ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ։
❌ Եթե հեռարձակողը ծխախոտի օգտագործման վնասակարության մասին օրենքով սահմանված կարգով և եղանակով չի հաղորդում դրանք պարունակող տեսաձայնային ստեղծագործություններ (հեռուստատեսային ֆիլմեր, տեսաֆիլմեր, հեռուստատեսության, ռադիո կամ ինտերնետի միջոցով հեռարձակվող) հեռարձակելիս։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ:
❌Եթե 18 տարին չլրացած անձանց ներգրավում են որևէ եղանակով դրանք իրացնելու մեջ։ Տուգանքը՝ 150-200 հազար դրամ (Հոդված 173.1.):
Վերոնշյալ բոլոր խախտումների դեպքում վարչական տույժի կիրառումից հետո՝ 6 ամսվա ընթացքում, նույն խախտման համար նախատեսված է տուգանք կիրառված վարչական տույժի կրկնակիի չափով:
2020 թ․ փետրվարի 13-ին ընդունված այս օրենքով արգելվում է հանրային վայրերում ծխելը, խստացվում են ծխախոտի իրացման պայմանները: Օրենքի որոշ դրույթներ առայժմ ուժի մեջ չեն մտնում։ Հանրային սննդի օբյեկտներում, օրինակ, ծխելը կարգելվի միայն 2022 թվականից։
Դիտեք նաև տեսանյութը: