Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հյուրընկալել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:
Վարչապետը ողջունել է տիկին Գրեչանիի այցը Հայաստանը՝ նկատելով, որ վերջին շրջանում երկու երկրների միջև հաճախակի են տեղի ունենում բարձր մակարդակի հանդիպումներ ու փոխայցելություններ: Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ դա վկայում է այն մասին, որ Հայաստանն ու Մոլդովան շահագրգիռ են զարգացնելու և ընդլայնելու երկկողմ համագործակցությունը տարբեր ոլորտներում:
«Նախատեսվում է իմ պաշտոնական այցը Մոլդովա: Մինչ այդ երկկողմ միջկառավարական հանձնաժողովը կաշխատի օրակարգի շուրջ՝ այցն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով: Մեր երկրների միջև առկա են բարձր մակարդակի քաղաքական հարաբերություններ, պետք է աշխատենք նաև տնտեսական փոխգործակցության խթանման ուղղությամբ»,- ասել է վարչապետը՝ կարևորելով նաև բիզնես ֆորումների անցկացումը՝ գործարար կապերի խթանման նպատակով:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարանական համագործակցության զարգացումը, ինչը կնպաստի ոչ միայն քաղաքական, այլ նաև հումանիտար և մշակութային հարաբերությունների ամրապնդմանը:
Զինաիդա Գրեչանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ իր երկիրը շահագրգիռ է նոր թափ հաղորդելու Հայաստանի հետ փոխգործակցությանը ոչ միայն քաղաքական, այլև տնտեսության ոլորտում:
Խորհրդարանի նախագահն անդրադարձել է Մոլդովայի տնտեսությունում, օրենսդրական դաշտում տեղի ունեցող փոփոխություններին և շնորհակալություն հայտնել ՀՀ Կառավարությանը՝ արդարադատության ոլորտում բարեփոխումների փորձն իրենց հետ կիսելու պատրաստակամության համար:
Միաժամանակ, խորհրդարանական պատվիրակության անդամները ոգևորիչ են համարել Հայաստանում տեղի ունեցող փոփոխություններն ու ՀՀ Կառավարության կողմից բարեփոխումներն առաջ մղելուն ուղղված հետևողական քայլերը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են հայ-մոլդովական հարաբերություններին առնչվող այլ հարցերի ևս: