Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Միջազգային ֆինանսական կորպորացիայի (ՄՖԿ) տարածաշրջանային փոխնախագահ Ջորջինա Բեյքերի գլխավորած պատվիրակությանը:
Փոխվարչապետը նշել է, որ բարձր է գնահատում և կարևորում է ՄՖԿ-ի հետ համագործակցությունն ու կազմակերպության դերը Հայաստանում մասնավոր հատվածի զարգացման հարցում: Միջազգային ֆինանսական կորպորացիան, ըստ փոխվարչապետի, սերմանում է մշակույթ, որը համահունչ է Կառավարության մշակած ոլորտային ռազմավարություններին: Մհեր Գրիգորյանը նշել է, որ Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համագործակցությունը բարձրացնում է բիզնեսների թափանցիկությունն ու թույլ է տալիս նրանց ճիշտ մշակել իրենց գործունեության հիմնական սկզբունքները:
Ջորջինա Բեյքերը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և նշել, որ սա որպես ՄՖԿ տարածաշրջանային փոխնախագահ իր առաջին այցն է Հայաստան, որի շրջանակներում ինքն անձամբ ծանոթանում է Հայաստանի տնտեսության ներկա իրավիճակին՝ հասկանալու համար Կառավարության նախանշած բարեփոխումներին ՄՖԿ կողմից հնարավոր մասնակցության ձևաչափերը: Տիկին Բեյքերը շնորհավորել է ՀՀ Կառավարությանը երկրի էական տնտեսական աճի կապակցությամբ և գոհունակությամբ խոսել մասնավորապես տուրիզմի ոլորտում ձեռքբերումների մասին:
Հյուրի խնդրանքով փոխվարչապետը ներկայացրել է այն հիմնական ուղղությունները, որտեղ կան ՄՖԿ-ի հետ համագործակցության լայն հնարավորություններ: Մհեր Գրիգորյանն առանձնացրել է կապիտալի շուկայի զարգացումը, մասնավոր հատվածի հետ իրականացվող ծրագրերը, այլընտրանքային էներգետիկան, պետություն-մասնավոր համագործակցությունը, ՓՄՁ զարգացումը և բարձր տեխնոլոգիաների ոլորտը:
Զրուցակիցները երկուստեք հաստատել են հայկական ստարտափների զարգացման մեծ ներուժի առկայությունը, ինչպես նաև անդրադարձել տարբեր ոլորտներում հնարավոր ՊՄԳ ծրագրերի իրականացմանը և դրանցում ՄՖԿ մասնակցության հեռանկարին: