ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 43-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով Ժնևում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատար Ֆիլիպո Գրանդիի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհակալություն է հայտնել Ֆիլիպո Գրանդիին ծավալած գործունեության համար և նշել, որ Հայաստանը բարձր է գնահատում գերագույն հանձնակատարի դերը փախստականների ու ներքին տեղահանվածների կարիքների ապահովմանն ուղղված ծրագրերի իրականացման գործում:
ՀՀ ԱԳՆ ղեկավարը վերահաստատել է Հայաստանի լիակատար աջակցությունը և հանձնառությունը Փախստականների համաշխարհային պայմանագրին: Երկուստեք ընդգծվել է այս նոր ձևաչափի կարևոր նշանակությունը փախստականների խնդիրների ուղենշման և դրանց լուծմանն ուղղված համագործակցության խթանման գործում:
Անդրադարձ կատարելով Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումներին և Սիրիայի հումանիտար իրավիճակին՝ ԱԳ նախարարը նշել է, որ պայմանավորված մերձավորարևելյան տարածաշրջանում ունեցած պատմական ներկայությամբ և ներգրավվածությամբ՝ Հայաստանը մշտապես ուշադրությամբ է հետևում տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին: Արտգործնախարարը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը՝ շարունակել Սիրիայում մարդասիրական առաքելության իրականացումը՝ աջակցելու Սիրիայի բարեկամ ժողովրդին իր առջև ծառացած մարտահրավերների և մտահոգությունների հասցեագրման գործում:
Նախարար Մնացականյանն իր զրուցակցին ներկայացրել է սիրիահայերի կարիքներին արձագանքելու և Հայաստանում կեցության բարելավման ուղղությամբ ՀՀ կողմից ձեռնարկվող շարունակական քայլերը: