Իրանի հետ ՀՀ սահմանին փետրվարի 25-ի կեսօրից սկսած շարժը կտրուկ նվազել է։ Ժամը 17:30-ի դրությամբ՝ 45 բեռնատար է հատել Իրան-Հայաստան սահմանը, ու բոլորի վարորդներն ուժեղացված հսկողություն են անցել՝ հայտնում են ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնից:
«ԱԱՏՄ Մեղրիի բժշկասանիտարական հսկիչ կետով նաև ՀՀ 10 քաղաքացի է մուտք գործել երկիր՝ անցնելով ջերմաչափում, վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշանների զննում։ Որևէ անձի մոտ կասկածելի նշաններ չեն արձանագրվել։
Նախորդ օրերին՝ մինչ Իրանի հետ հաղորդակցությունը ժամանակավորապես սահմանափակելը, Մեղրիի հսկիչ կետով երկիր է եկել ու բուժզննում անցել օրական 800-1100 մարդ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Հիշեցնենք, փետրվարի 24-ին Կորոնավիրուսի տարածումը կանխարգելող հանձնաժողովի նիստում որոշում էր կայացվել երկշաբաթյա ժամկետով փակել ցամաքային սահմանն ու հաղորդակցությունը Իրանի Իսլամական Հանրապետության հետ: «Իհարկե, կլինեն բացառություններ. բեռնափոխադրումները կիրականացվեն առանց սահմանափակումների, պարզապես բեռնափոխադրումներ իրականացնող վարորդների նկատմամբ կիրականացվի հատուկ հսկողություն, և բեռների տեղափոխման հատուկ կարգ կգործի: Որևէ սահմանափակում չի կիրառվի քաղաքացիների վերադարձի վրա. խոսքը վերաբերում է Հայաստանում գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիներին և Իրանում գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, այսինքն՝ նրանք կարող են ազատ վերադառնալ իրենց հայրենիք»,- նշել էր վարչապետ Փաշինյանը: