Բաքու կատարած այցի շրջանակում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է ադրբեջանցի պաշտոնակցի հետ վերանայել երկու երկրների հարաբերությունները տարբեր բնագավառներում, մասնավորապես առևտրատնտեսական համագործակցությունը: Այս մասին հայտնում է Ermenihaber-ը:
Այցի ընթացքում ստորագրվելու են մի շարք պայմանագրեր, որոնց վերջնանպատակն է Թուրքիա-Ադրբեջան առևտրաշրջանառությունը հասցնել 15 մլրդ դոլարի:
Թուրքիայի առևտրի նախարար Ռուհսար Փեքջանը հայտնել է, որ վերոնշյալ նպատակին հասնելուն ի թիվս այլ պայմանագրերի կնպաստի նաև երկու երկրների միջև «Արտոնյալ առևտրի պայմանագիրը», որի պատրաստման վրա շատ ջանք ու ժամանակ են ծախսել:
Հիշյալ պայմանագրերի շարքում կարևորներից է լինելու նաև Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի և Ադրբեջանի արտահանման ու ներդրումների աջակցության հիմնադրամի միջև համագործակցության գործողությունների ծրագրի ստորագրումը:
Նշվում է, որ 2019-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը կազմել է 2 մլրդ դոլար, որից 1.6 մլրդը կազմում է Թուրքիայից Ադրբեջան արտահանումը, իսկ 394 մլն դոլարը՝ Ադրբեջանից Թուրքիա արտահանումը: