WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի պաշտպանական կողմը հայտարարել է, թե վախենում են՝ իրենց պաշտպանը ինքնասպանություն գործի, եթե Մեծ Բրիտանիան նրան արտահանձնի Միացյալ Նահանգներին:
Լոնդոնյան Royal Woolwich դատարանում, որտեղ երկուշաբթի օրը սկսվել են լսումները Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ, Ասանժի ավստրալացի փաստաբան Էդվարդ Ֆիցջերալդն ընթերցել է իր պաշտպանյալին հետազոտող հոգեբույժի հայտարարությունը, ըստ որի՝ «եթե արտահանձնումը դառնա անխուսափելի, պարոն Ասանժը կգտնի ինքնասպանության որևէ ճանապարհ»:
Ըստ ТАСС-ի՝ Ֆիցջերալդը նաև հստակ համոզում է հայտնել, որ Ասանժը չի կարող արդար դատավարություն ակնկալել Միացյալ Նահանգներում, իսկ պատժի ծանրությունն, ամենայն հավանականությամբ, անհամաչափ կլինի նրան վերագրվող հանցագործությունների համար: Փաստաբանները նաև վախենում են, որ ամերիկյան բանտում Ասանժը կենթարկվի «անմարդկային և նվաստացնող վերաբերմունքի»: