Ազգային ժողովում ընթանում են լսումներ ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագծերի շուրջ: «ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից օրենքների նախագծերի փաթեթների հիմնական դրույթները ներկայացնելիս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ նախարար նշանակվելու առաջին օրվանից արձանագրել է, որ խորքային խնդիրներ կան և՛ դատական, և՛ իրավապահ համակարգում: Թե ինչո՞ւ սկսել դատական իշխանության բարեփոխումներից հարցին նախարարը պատասխանեց, որ դատական իշխանությունն է երաշխավորը մարդու իրավունքների, և դատական իշխանությունն է անկյունաքարային դեր կատարում արդարադատության իրականացման ոլորտում: Նախարարի խոսքով՝ փաթեթը ներառական քննարկում է անցել, կազմակերպվել են հանրային քննարկումներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին են լսել: Փաթեթն ուղարկվել է Վենետիկի հանձնաժողով, և դրական իրավական կարծիք է ստացվել:
«Ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովի մոդելը փոխվել է: Ըստ նախագծի՝ 8 անդամից է բաղկացած լինելու՝ մասնագիտացում ունեցող դատարանների դատավորներից՝ յուրաքանչյուրից 1-ական անդամ: Երկուսը՝ առաջին ատյանի քրեական և քաղաքացիական մասնագիտացմամբ դատավորներից մեկական անդամ, մեկ՝ Վերաքննիչ, մեկ՝ Վճռաբեկ դատարաններից և երկու հեղինակավոր իրավաբան-գիտնական: Հիմնական նորամուծությունը հենց ՀԿ-ների կողմից առաջադրվող, քաղաքացիական հասարակության կողմից առաջադրվող 2 իրավաբան-գիտնականի նոր մոդելն է, որն արժանացել է Վենետիկի հանձնաժողովի դրական արձագանքին: Նույն մոդելը, այսինքն՝ իրավաբան-գիտնականների ներկայությունը հանձնաժողովում, ներկայացված է նաև դատավորների գնահատման հանձնաժողովի համար»,- նշեց նախարարը:
Դատավորների գնահատման հանձնաժողովը քննարկելու է դատավորների կողմից գործերի բաշխման, ողջամիտ ժամկետում քննարկման հարցերը, նիստի ընթացքում դատավորի վարքագծի հետ կապված խնդիրներ՝ հանձնաժողովի գործունեությունը նշելիս ասաց Բադասյանն ու հավելեց, որ նորամուծություն կա. Նյութական կամ դատավարական օրենքի դիտավորյալ կամ կոպիտ անփութությամբ խախտման դեպքերում հանձնաժողովի կարող է դիմել Էթիկայի ևկարգապահական հարցերի հանձնաժողովին՝ կարգապահական վարույթ հարուցելու հարցը քննարկելու համար:
«Դատավորների թեկնածուների ընտրության նոր մեխանիզմներ են սահմանվել: Նախ հարցազրույցի ընթացքում ԲԴԽ-ի կողմից հաշվի է առնվելու Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից տրված խորհրդատվական բնույթի եզրակացությունը՝ թեկնածուի բարեվարքության մասին: Եվ երկրորդ՝ ըստ նախագծի՝ հոգեբանական թեստի չափանիշները պետք է սահմանվեն ԲԴԽ-ի կողմից և չափանիշների հիման վրա նոր էլեկտրոնային հարթակ պետք է մշակվի, որի արդյունքը խորհրդատվական կարգով ներկայացվելու է Բարձրագույն դատական խորհրդին որոշում ընդունելու ժամանակ»,- նշեց Ռուստամ Բադասյանը:
Ներդրվել է նաև գույքային դրության ստուգման և դրա հիման վրա կարգապահական պատասխանատվության հիմքի սահմանումը: Գույքի փոփոխությունը, եթե ողջամտորեն չի հիմնավորվում օրինական եկամուտներով, կամ անձի մոտ առկա է չհայտարարագրված կամ ոչ ամբողջական հայտարարագրված գույք կամ եկամտի աղբյուրը օրինական կամ արժանահավատ չէ՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նման դեպքերում դառնում է կարգապահական վարույթ հարուցող մարմին՝ նշեց Բադասյանն ու հավելեց, որ Սահամանադրական դատարանի դատավորների դեպքում կա առանձնահատկություն:
«Այդ դեպքում Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը միջնորդությամբ ոչ թե դիմում է ԲԴԽ, այլ դիմում է ԱԺ-ին՝ Սահմանադրական դատարանի դատավորի դեմ էական կարգապահական խախտման հիմքով հարցը քննարկելու համար դիմել ՍԴ, թե՞ ոչ»,- նշեց նախարարը:
Որ ԲԴԽ-ի որոշումները ավելի լայն վստահություն վայելեն ու թափանցիկ լինեն՝ փակից բաց ռեժիմին անցում կարվի՝ նշեց նախարարը նկատի ունենալով քվեարկությունների բաց անցկացումը: ԲԴԽ լիազորությունները կարգապահական վարույթի շրջանակներում ընդլայնվել են. վկա հրավիրելու, փորձաքննություն նշանակելու մասով ներդրվել է բողոքարկման մեխանիզմ:
Բարեվարքությունը ստուգելու մասով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը իրավունք ունի դիմելու տեղական ինքնակառավարման մարմին՝ եզրակացության կազմման նպատակներով տեղեկություն հավաքելու և օգտագործելու համար: Հնարավորություն է տրվում նաև սոցցանցերն ուսումնասիրելու:
Դատավորների թեկնածուների հավակնորդների տարիքը 28-ից իջեցվում է 25՝ նշեց Բադասյանը՝ հավելելով, որ այն լայնորեն քննարկված թեմա է և չի նշանակում, որ դատավոր են դառնալու 25 տարեկանում, այլ 25 տարեկանից սկսած կարելի է դիմել: Ըստ նախարարի՝ այն որոշակի դաշտ է ստեղծում նոր սերնդի ներկայացուցիչների մուտքը դատական համակարգ ապահովվելու համար:
Բադասյանի խոսքով՝ Կոռուպցիայի կանխարգելման համար հայտարարագրերի վերլուծության արդյունավետ համակարգ է ներդրվել: Հայտարարագիր ներկայացնողների շրջանակն էլ կընդլայնվի, ոչ միայն միասին բնակվող անձինք են ներկայացնելու հայտարարագիր: Իրավիճակային հայտարարագիր պահանջելու ինստիտուտ է ներդրվել: Փաթեթով նաև կոռուպցիոն հանցագործությունների ցանկն է սահմանվել: