Արցախի նախագահ Բակո Սահակյանը մասնակցել է Ստեփանակերտում մեկնարկած Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովի բացմանը: Իր ելույթում Բակո Սահակյանը նշել է, որ Հայ դատն այն համահայկական կառույցն է, որը տասնամյակներ շարունակ համառ պայքար է մղում մեր համազգային խնդիրների լուծման ուղղությամբ՝ հատուկ ուշադրության կենտրոնում պահելով Արցախը:
«Անհնարին է պատկերացնել միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանությունը, տարբեր երկրներում և ատյաններում մեր մասին ճշմարտացի տեղեկությունների տարածումը, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված քայլերի իրականացումը, բազմաթիվ պետությունների ու նրանց սուբյեկտների հետ կապերի հաստատումն ու խորացումը, մեր հանրապետությունում զանազան ծրագրերի իրականացումն առանց Հայ դատի գործուն մասնակցության, նրա մեծածավալ և անձնվեր աշխատանքի»,- ընդգծել է իր խոսքում Արցախի Հանրապետության նախագահը:
Միջոցառման ընթացքում նախագահ Սահակյանը ՀՅԴ Հայ դատի կենտրոնական խորհրդին պարգևատրել է «Երախտագիտություն» մեդալով՝ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչմանն ուղղված ակտիվ գործունեության, Արցախ-Սփյուռք կապերի ամրապնդման ու զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար:
Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: