«Անցումային արդարադատության հայեցակարգը հրապարակվել է դեռևս դեկտեմբերին, հիմա օրենքի կոնկրետ տեքստի վրա են նախարարությունում աշխատում. նախագիծը շուտով հասանելի կլինի, կներկայացվի ԱԺ»,- հայտնել է արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը:
Բադասյանն ընդգծել է, որ գործող իշխանությունը մեղավոր չէ, որ կոռուպցիոն դեպքերը շատ են, և այսօր ամբողջ իրավապահ համակարգը ծանրաբեռնված է քրեական գործերի քննությամբ:
Նախարարը չի բացառել, որ կմասնակցի սահմանադրական հանրաքվեի քարոզարշավին: «Չգիտեմ դեռ՝ հնարավոր է: Երբ կորոշեմ, արձակուրդ կվերցնեմ, կմասնակցեմ»,- ասել է Բադասյանը:
Արդարադատության նախարարն անդրադարձել է նաև պարգևավճարներին՝ իբր 6 ամսում 16 հազար դոլար է ստացել: «Ես ստանում եմ այնքան պարգևավճար, որքան ստանում են բոլոր նախարարները՝ միասնական որոշված սկզբունքի համաձայն: Ես նույնիսկ մի փոքր պակաս եմ ստացել այդ գումարից»,- ասել է Բադասյանը: