Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը Ֆեյսբուքի էջում գրել է, որ «Արձագանք» ու «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն
«Բյուրեղավանի վարչական տարածքում գտնվող Խաչատուր Հակոբյանի «Արձագանք» և Չարենցավանի հատվածում վեր խոյացող Դավիթ Բեջանյանի «Անվերջության ժապավեն» քանդակները կվերականգնվեն:
«Անվերջության ժապավեն» քանդակը վերականգնելու են զրոյից, քանի որ քանդակի մոտավորապես 90 տոկոսը չկա, մնացել է միայն մետաղական կմախքը: Նախատեսվում է ոչ միայն քանդակի վերականգնում, այլև՝ տարածքի բարեկարգում՝ միջպետական մայրուղու այս հատվածը զբոսաշրջային գրավիչ վայր դարձնելու համար:
Շուտով ԿԳՄՍ նախարարությունը հայտարարելու է մեկ այլ մրցույթ՝ որոշելու համար, թե որ շինարարական կազմակերպություններն են իրականացնելու աշխատանքները:
«Անվերջության ժապավենի» վերականգնման համար հատկացվելու է մոտ 178 մլն դրամ, «Արձագանքի» համար՝ մոտ 62 մլն 500 հազար»,- գրել է Կոտայքի մարզպետը: