Դատական առաջին նիստին Սերժ Սարգսյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը բացարկի միջնորդություն ներկայացրեց դատախազ Արսեն Մարտիրոսյանին:
Դատավոր Վահե Միսկարյանը հեռացավ խորհրդակցական սենյակ: Պաշտպանական կողմի ներկայացրած միջնորդության որոշումը կհրապարակվի վաղը՝ փետրվարի 26-ին, ժամը 15.30-ին:
Սերժ Սարգսյանի պաշտպան Ամրամ Մակինյանը դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց, որ իրենց թիմը յուրաքանչյուր նիստին հանրությանը ներկայացնելու և ցույց է տալու քրգործի փուչ և շինծու լինելը:
«Սա զավեշտ է, քաղաքական հետապնդում, որն ուղղված է Սերժ Սարգսյանի քաղաքական գործունեությունը զսպելուն»,- ընդգծեց պաշտպանը:
Հիշեցնենք, քրեական գործով Սերժ Սարգսյանին, Բարսեղ Բեգլարյանին, գյուղատնտեսության նախկին փոխնախարար Սամվել Գալստյանին և նույն նախարարության Բուսաբուծության վարչության պետ Գևորգ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը կազմակերպել, դրդելը, օժանդակելը), իսկ գյուղատնտեսության նախկին նախարար Սերգո Կարապետյանին՝ 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (առանձնապես խոշոր չափերով յուրացումը կամ վատնումը):
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցների համակցության հիման վրա պարզվել է, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կազմակերպմամբ և «Ֆլեշ» ՍՊ ընկերության սեփականատեր Բարսեղ Բեգլարյանի դրդմամբ, ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանի ու նույն նախարարության բուսաբուծության վարչության պետ Գեւորգ Հարությունյանի օժանդակությամբ ՀՀ նախկին գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի կողմից 2013 թվականի հունվարի 25-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից վատնվել է պետական աջակցության ծրագրերի իրականացման ընթացքում իրացված 15.391.765 լիտր դիզելային վառելիքի համար հատկացված սուբսիդիայի առանձնապես խոշոր չափերով գումարը՝ 489.160.310 ՀՀ դրամը: