Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և ՀՀ-ԵՄ Գործընկերության առաջնայնություններ փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը:
Օրակարգի առաջին հարցը զեկուցել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, որը ներկայացրել է 2019 թվականի դեկտեմբերի 16-ին Բրյուսելում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ներքո ստեղծված ՀՀ-ԵՄ Գործընկերության կոմիտեի 2-րդ նիստի արդյունքները և առանձին հարցերի վերաբերյալ երկու կողմերի դիրքորոշումներն ու առաջարկությունները:
Այնուհետև շրջակա միջավայրի նախարարի ու տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալները զեկուցել են ՀԸԳՀ-ի կիրարկման ճանապարհային քարտեզով 2020 թ. համար նախատեսված միջոցառումների իրականացմանն ուղղված աշխատանքները: Մասնավորապես, անդրադարձ է կատարվել շրջակա միջավայրին, կլիմային և տրանսպորտին վերաբերող դրույթներին:
Փոխվարչապետը, ամփոփելով նիստը, շնորհակալություն է հայտնել պատգամավորներին հանձնաժողովի նիստերին ակտիվ մասնակցություն ցուցաբերելու համար և հանձնարարել է բոլոր շահագրգիռ մարմիններին՝ համագործակցելով առաջ շարժվել ճանապարհային քարտեզում նշված միջոցառումների իրականացման գործընթացում՝ դրանց համընդգրկուն բնույթ հաղորդելու և պատշաճ ժամանակին կիրարկելու նպատակով: