Լոնդոնի դատարանում սկսվել է Wikileaks-ի հիմնադիր Ջուլիան Ասանժին ԱՄՆ արտահանձնելու վերաբերյալ լսումների առաջին օրը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը դատարանի դահլիճից:
Ըստ փաստաբանների՝ Ասանժի առողջությունը լրջորեն խաթարվեց նախ Էկվադորի դեսպանատանը երկար մնալուց, հետո՝ բանտարկությունից: Լսումների այս փուլը կտևի մեկ շաբաթ, որի ընթացքում կողմերը կներկայացնեն հիմնական փաստարկները: Մայիս-հունիսի սկզբին դարձյալ տեղի կունենան երեքշաբաթյա լսումներ, որոնց ընթացքում կողմերը կներկայացնեն ապացույցներ և կկանչեն գործով վկաներին: Դատարանի որոշումն էլ անմիջապես չի հրապարակվի, և ենթադրվում է, որ դրանով չի ավարտվի: Կախված դատավճռից՝ կողմերից մեկը հավանաբար այն կբողոքարկի, որի քննարկումը երկար ժամանակ կպահանջի: Գործը կարող է հասնել Գերագույն դատարան: Չի բացառվում, որ դատական գործընթացը տևի մի քանի տարի:
Միաժամանակ, WikiLeaks կայքի հիմնադրի պաշտպանությունն աշխատում է Ֆրանսիայում նրան քաղաքական ապաստան տրամադրելու ուղղությամբ:
ԱՄՆ իշխանությունն էլ մայիսին հայտարարեց, որ Ասանժին ներկայացրել է նոր՝ լրտեսության մասին օրենքի խախտման և գաղտնի տեղեկատվության բացահայտման մեղադրանքներ: Եթե Ասանժն արտահանձնվի Միացյալ Նահանգներին, նրան սպառնում է մինչև 175 տարի ազատազրկում: