Թատրոն, կինո, համերգ. քաղաքապետարանը հրավիրում է երևանցիներին ընտրել, թե մարտի 8-ին որտեղ անցկացնեն տոնական երեկոն: «Մեզ համար շատ կարևոր է, որ մենք կարողանանք մեր երևանցիներին հրամցնենք հետաքրքիր մշակութային միջոցառումներ, ամենակարևորը՝ բարձրաճաշակ մշակութային միջոցառումներ:
Փետրվարի 27-ից սկսած՝ երևանյան բոլոր թատրոնների տոմսարկղերում կլինեն հրավիրատոմսեր, և մեր երևանցիներն իրենց ճաշակին հարմար ներկայացում, համերգ և կինո կընտրեն ու կգնան դիտելու: Հրավիրատոմսերը բաժանվում են անվճար, շուտով քաղաքապետարանի կայքում կլինեն նաև բոլոր միջոցառումների անվանումները, վերնագրերը, և երևանցիները հնարավորություն կունենան 15-ից ավելի ներկայացում, համերգ և կինո ընտրել»,- ընդգծել է փոխքաղաքապետը:
Նախաձեռնությունն ինքնատիպ է, խաղացանկը՝ հագեցած, միջոցառումները՝ բազմաժանր: Կազմակեպիչներն ամեն ինչ արել են, որ այդ օրը դահլիճներում ազատ տեղ չլինի:
Մենք ընտրել ենք մայրաքաղաքի թատրոնների խաղացանկի լավագույն ներկայացումները, օրինակ՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը կներկայացնի Արամ Խաչատրյանի «Դիմակահանդեսը», Պարոնյան թատրոնը կներկայացնի շատ հետաքրքիր ներկայացում՝ «Սիրելիներից մի բաժանվեք», Սունդուկյան թատրոնը՝ «Հարսնացու հյուսիսից»: Այլ թատրոններ ևս իրենց խաղացանկի լավագույն ներկայացումներն ի ցույց կդնեն այդ օրը, և ես վստահ եմ, որ մենք կունենանք լեփ-լեցուն դահլիճներ»,- ասել է Տիգրան Վիրաբյանը:
Համերգային ծրագրերը նախընտրողների համար մարտի 8-ին «Հովեր» պետական կամերային երգչախումբը հանդես կգա խմբերգային տարբեր ստեղծագործություններով: Հայաստանի երգի պետական թատրոնը տոնական օրվա երեկոն վստահել է ձևավորվող նոր նվագախմբին: Երեկոյի ընթացքում կհնչեն Էլվինա Մակարյանի երգերը:
Կինոյի սիրահարները «Մոսկվա» կինոթատրոնում հնարավորություն կունենան դիտելու «Անհայտ բաժանորդ» գեղարվեստական ֆիլմը:
Բոլոր միջոցառումները կմեկնարկեն 19:00-ին: