Փետրվարի 20-23-ը Ֆրանսիայում անցկացվեցին Միսաք Մանուշյանի խմբի գնդակահարության 76-րդ տարելիցին նվիրված մի շարք միջոցառումներ: Այս մասին հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության Ֆեյսբուքի էջը:
Փետրվարի 20-ին Փարիզի Նյոյի-սյուր-Սեն արվարձանի սինագոգում կազմակերպվել էր ավանդական հիշատակի արարողություն՝ նվիրված Միսաք Մանուշյանի խմբին և վերջինիս հայ և հրեա հերոսներին: Միջոցառումը կազմակերպվել էր Դիմադրության հայ նախկին մարտիկների ազգային ասոցիացիայի (Association Nationale des Anciens Combattants et Résistants Arméniens) և հրեական բանակային հոգևորական ծառայության (Aumônerie Israélite des Armées) կողմից: Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, Ֆրանսիայի գլխավոր րաբբի Հաիմ Կորսիան, ինչպես նաև Դիմադրության հայ նախկին մարտիկների ազգային ասոցիացիայի նախագահ Անտուան Բաղդիկյանը:
Փետրվարի 23-ին Դիմադրության նախկին մարտիկների և ընկերների ազգային ասոցիացիայի կողմից (Association Nationale des Anciens Combattants et Ami(e)s de la Résistance, ANACR) հիշատակի միջոցառում էր կազմակերպվել Փարիզի Իվրիի գերեզմանատանը, որտեղ հողին են հանձնված Միսաք Մանուշյանի, ինչպես նաև նրա խմբի մյուս մարտիկների մարմինները:
Միսաք Մանուշյանի խմբի հիշատակին նվիրված միջոցառումներ են կազմակերպվել նաև Փարիզի 14-րդ և 20-րդ շրջաններում, ինչպես նաև Մարսել, Վո Ան Վլեն, Ռոման, Վալանս և Գրենոբլ քաղաքներում:
Հիշատակի միջոցառումներին ներկա են եղել վերոնշյալ քաղաքների քաղաքապետները, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավորներ և սենատորներ, Ֆրանսիայում ՀՀ դեսպանության, Լիոնում և Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոսությունների, ինչպես նաև հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ: