ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ընթանում են «Բարձրագույնն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները և հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումներ:
«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն ելույթում ընդգծեց, որ «Բարձրագույն կրթության, գիտության մասին օրենքը» ինչ-որ առումով նաև հեղափոխական օրենքի նախագիծ է: «Անընդհատ խոսում էինք հետազոտության վրա հիմնված բարձրագույն կրթության համակարգ ունենալուց: Բուհերի մշտական թերությունը համարվել է հետազոտության բացը: Այն բուհերում, որտեղ այս գործոնը բավական ուժեղ է, հսկայական գումարներ են տրամադրվում հետազոտության համար»,- ընդգծեց Հովհաննիսյանը՝ նշելով, որ օրենքում մի շարք դրույթներ անտեսվել են, և քննարկումները հիմնականում կենտրոնացվել էին հայոց լեզու, պատմություն առարկաների դասավանդման վրա:
Պատգամավորի խոսքով՝ այդպիսի դրույթներից է կրեդիտների փոխանցելիության սկզբունքը, որն ըստ նրա՝ հեղափոխական է բուհերի համար՝ «հնարավորություն է ստեղծում ուսանողին՝ ընտրել իր դասախոսին և այդպես նաև որակ ապահովել»: Հ. Հովհաննիսյանը նաև առաջարկեց, որ ներդրվի առավել ճկուն քննությունների համակարգ: «Հայոց լեզվի կենտրոնացված քննությունը բողոքում են, թե ինչու է ամերիկյան համալսարանը կարողանում ավելի շուտ ընդունել: Բերեք՝ մենք էլ «Հայոց լեզուն» անենք այնպես, ինչպես TOEFL քննությունը. երբ ուսանողը պատրաստ լինի, գա, հանձնի քննություն: Առաջին անգամ պետությունը ֆինանսավորի, երկրորդ, երրորդ անգամներն արդեն թեստավորման կենտրոնին վճարում կատարվի: Դա նաև մոտիվացիա կլինի լեզվի զարգացման համար»,- նշեց հանձնաժողովի նախագահի տեղակալը: