Հրապարակվել է աշխարհի այն երկրների ցանկը, որտեղ կան կորոնավիրուսով հիվանդներ, մահացածներ ու ապաքինվածներ: 34 պետություն ընդգրկող ցուցակի առաջին տեղում Չինաստանն է, որտեղ վարակակիր 77 345 հիվանդ կա. 409-ը նոր դեպքերն են: Մահացել է 2 592 մարդ, նոր մահերի թիվը 150 է, 11 477-ի վիճակը ծանր է, ապաքինվել է 24 820 մարդ:
Վարակակիրների թվով երկրորդ տեղում Հարավային Կորեան է՝ 763 հիվանդ: Նոր դեպքերի թիվը 161 է, 7 մահ կա, որոնցից մեկը՝ վերջերս: Կա 18 կազդուրված, 7-ի վիճակը ծանր է:
Զոհերի թվով, սակայն, երկրորդ տեղում Իրանն է: 48 վիրուսակրից մահացել է 8-ը, միայն մեկն է ապաքինվել:
Ցուցակի երրորդ տեղում Diamond Princess զբոսանավն է, որում վիրուսով վարակվել է 691 քաղաքացի: Մահերի թիվը 3 է, 36-ի վիճակը ծանր է, 17-ը բուժվել է:
Չորրորդ տեղում Իտալիան է, որտեղ այս օրերին ընթանում է երկու խոշոր միջոցառում՝ Միլանի նորաձևության շաբաթն ու Վենետիկի կառնավալը: Իտալիայում գրանցվել է 157 հիվանդ, 3 մահ, 2 ապաքինված, 26-ի վիճակը ծանր է:
Վարակակիրների թվով հինգերորդ հորիզոնականում Ճապոնիան է: Այստեղ կա 146 վիրուսակիր, 1 զոհ, 23 ապաքինված, 7-ը ծանր վիճակում են:
Երկու զոհ կա Հոնկոնգում, մեկական՝ Թայվանում, Ֆրանսիայում, Ֆիլիպիններում: