«Բարձրագույն կրթության և գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումները» խորհրդարանական լսումների ընթացքում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը նշեց, որ բացակայում են բարձրագույն կրթության երրորդ մակարդակում միջազգային արդի պահանջներին համապատասխան մասնագետների պատրաստման օրենսդրական հիմքերը: «Փաստացի չի գործում բարձրագույն կրության եռաստիճան համակարգը, և պահպանվում է գիտական աստիճանաշնորհման՝ ԽՍՀՄ-ից ժառանգված երկաստիճանությունը: Բարձրագույն կրթության ծրագրերն իրականացվում են կոշտ սխեմաներով՝ զուրկ լինելով գիտական առաջընթացից: Որոշ առարկաների առկայությունը պարտադրվում է ուղղակի օրենսդրորեն՝ անկախ կրթական ծրագրի նպատակից և վերջնարդյունքից: Շարունակում է պահպանվել առկա և հեռակա ուսուցման համակարգերի կրթության կազմակերպման ժամանակավոր բաժանումը: Բացակայում է ուսանողների հնարավորությունը՝ մասնակցել իրենց կրթական ծրագրերի ձևավորմանը, ընտրել ուսումնառության բեռնվածությունը, տևողությունը՝ ըստ իրենց անհատական ունակությունների, աշխատանքների զբաղվածության»,- ընդգծեց նախարարը:
Արայիկ Հարությունյանի խոսքով՝ պահպանվում է բուհերի ֆինանավորման սխեման՝ ըստ ուսանողների թվի գործող օրենսդրությամբ, և չի պահպանվում բուհերի պատշաճ ֆինանսական ինքնավարությունը: Օրենսդրորեն լիարժեք կարգավորված չեն բուհերի և գիտական կազմակերպությունների ինքնավարության և ակադեմիական ազատությունների իրացման երաշխիքները:
Նախարարը ներկայացրեց, թե նոր օրենսդրական նախագծով բուհերին և գիտական կազմակերպություններին պետական աջակցության տրամադրման ինչ սկզբունքներ են առաջարկվում՝
-
ինստիտուցիոնալ բազային ֆինանսավորում՝ ենթակառուցվածքների զարգացման, նորարարական ծրագրերի, գիտական հետազոտությունների որակի բարելավման նպատակով պետական ուսանողական կրթաթոշակների տրամադրում, կրթաթոշակի ձևով ուսման վարձի փոխհատուցում, մրցակցային ֆինանսավորում նորարարական նպատակային ծրագրերի համար՝ մրցութային հիմունքներով:
-
ԲՈՒՀ-ի և գիտական կազմակերպության գործունեության թափանցիկության և հրապարակայնության համար անհրաժեշտ մեխանիզմներ են սահմանվում՝ ապահովելով հաստատության հաշվետվողականությունը պետության և հասարակության առջև:
-
Անհրաժեշտ հիմքեր են դրվում գիտահետազոտական կազմակերպությունների և բուհերի համագործակցության և աստիճանական ինտեգրման համար՝ գիտական կազմակերպությունների ինքնուրույն գործելու, բուհերի կազմում գիտահետազոտական ինստիտուտներ ընդգրկելու իրավական հիմքեր ստեղծելով:
-
Օրենքի նախագծով նախատեսվում է ներկայիս ասպիրանտական ծրագրերը համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին՝ դրանք ընդգրկելով բարձրագույն կրթության համակարգում որպես որակավորման երրրոդ աստիճան, կրթական ծրագիր:
-
Բարձրագույն կրթության հիմնական ծրագրերն ըստ կրթական մակարդակների կարող են իրականացվել ուսանողի լրիվ կամ մասնակի բեռնվածությամբ, այդ թվում՝ հեռավար ուսումնառության ձևով:
-
Երկու և ավելի բուհեր, այդ թվում՝ օտարերկրյա, կարող են համատեղ մշակել և իրականացնել կրթական ծրագիր և շնորհել բարձրագույն կրթության այս կամ այն մակարդակի որակավորում, որը հավաստում է մասնակից բուհերի կողմից շնորհված միասնական ավարտական փաստաթղթով:
-
Առանձին դասընթացներ կամ թեմաներ կմշակվեն, և ուսումնական մոդուլներ կարող են դասավանդվել օտար լեզվով, ինչը կնպաստի բարձրագույն կրթության միջազգայնացմանը:
-
Պետական բյուջեից ֆինանսավորվող կրթաթոշակային տեղերը բաշխվում են ոչ թե ըստ բուհերի՝ այլ ըստ ակադեմիական ոլորտների: Բուհի ընդունելության մուտքային պահանջները բավարարող սահմանված քննական առարկաներից վկայագիր ունեցող անձինք կարող են մասնակցել բուհերի կողմից կազմակերպվող ընդունելության մրցույթին՝ պետական բյուջեի ֆինանսավորմամբ, և տարբեր բուհերի՝ նույն ակադեմիական կրթական ծրագրով սովորելու իրավունք ստացած դիմորդները կարող են ընտրել մեկ բուհ:
-
Կրթության որակը հավաստող մուտքային շեմն ապահովելու նպատակով անկախ բուհերի կազմակերպման՝ բակալավրի որակավորման կրթական ցանկացած ծրագրով քաղաքացիների բուհ ընդունվելու համար սահմանվում է հայոց լեզու առարկայի պարտադիր քննությունը:
-
Կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օրենքի նախագծով նախատեսվում է բուհերի կառավարման խորհրդի կազմը սահմանափակել 12 անդամով, որոնցից վեցը՝ բուհի ներկայացուցիչներից, այդ թվում 1-ը՝ ուսանող, 6-ը՝ գործարար շրջանակներից, հասարակական հատվածից, ոլորտի ներկայացուցիչներից: Պետական, քաղաքական պաշտոն զբաղեցնող անձանց անդամությունն արգելվում է: