Ցուցարարները Չիլիի առողջարանային Վինյա դել Մար քաղաքում ավերել են բարձրակարգ հյուրանոցը, որտեղ տեղավորվել էին միջազգային երաժշտական փառատոնի հյուրերն ու մասնակիցները, հայտնում է Tercera պարբերականը:
Հավաքները սկսվել են կիրակի երեկոյան՝ Լատինական Ամերիկայի ամենամեծ երաժշտական շոուի բացման արարողությունից առաջ: Բողոքի ցույցի մասնակիցները քարկոծել են ոստիկաններին, այնուհետև հրկիզել մի քանի մեքենա՝ քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ O'Higgins հյուրանոցի մոտ: Վնասվել է հյուրանոցի ճակատը, հյուրերը տարհանվել են: Իրավապահներին հաջողվել է արցունքաբեր գազով և ջրաշիթով հետ մղել վանդալներին: Բախումների ժամանակ 23 ոստիկան է վիրավորվել:
Զանգվածային բողոքի ցույցերը Չիլիում սկսվեցին անցյալ տարի մետրոյի ուղեվարձերի բարձրացումից հետո: Այնուհետև բնակիչներն իրենց բողոքն արտահայտեցին պատշաճ անվճար կրթություն և առողջապահական ծառայություններ ստանալու անհնարինության, ինչպես նաև ցածր աշխատավարձերի և սակագների բարձրացման դեմ:
Փառատոնում ելույթի ժամանակ պուերտոամերիկյան հայտնի երգիչ Ռիկի Մարտինն իր աջակցությունն է հայտնել Չիլիում տեղի ունեցող ցույցերի մասնակիցներին: