Մի շարք նախկին զինծառայողներ խնդրել են Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությունը զինվորական կենսաթոշակ ստանալու հարցում:
Դիմումով քաղաքացիները տեղեկացրել են, որ զինված ուժերից արձակվելուց հետո Պաշտպանության նախարարությունը տարիներ շարունակ մերժել է զինվորական կենսաթոշակի նշանակումը՝ պատճառաբանելով, որ զինվորական ծառայության անցնելիս իրենց սահմանային 45 տարեկանը լրացած է եղել:
Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սկսվել է քննարկման ընթացակարգ, գրություններ են հասցեագրվել Պաշտպանության նախարարություն:
Քննարկման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպանի գրությունը հաշվի առնելով՝ Պաշտպանության նախարարությունը որոշում է կայացրել սահմանային տարիքը լրանալուց հետո փաստացի զինվորական ծառայության մեջ գտնվելու ժամանակահատվածը ևս օրացուցային հաշվարկով հաշվառել զինծառայողին երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակ նշանակելու համար անհրաժեշտ զինվորական ծառայության ստաժում: Արդյունքում զինծառայողների բարձրացրած համակարգային խնդիրը Պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել: Ավելին՝ Պաշտպանության նախարարությունը տեղեկացրել է, որ զինվորական կենսաթոշակ են ստացել նաև նմանատիպ հարցով նախկինում մերժում ստացած քաղաքացիները:
Մարդու իրավունքների պաշտպանը կարևորում է Պաշտպանության նախարարության հետ համագործակցությունը զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների իրավունքների պաշտպանության հարցում: