ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը:
Զինաիդա Գրեչանիի հետ առանձնազրույցի ընթացքում ողջունելով հյուրին՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ նրա այցը նոր ազդակ կհաղորդի Հայաստանի և Մոլդովայի հարաբերությունների զարգացմանը: ԱԺ նախագահը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները զարգանում են փոխադարձ ըմբռնման և հարգանքի հիման վրա, և այդ հարաբերություններում կարևոր նշանակություն ունի խորհրդարանների դերը, Հայաստանի և Մոլդովայի պատվիրակություններն արդյունավետ համագործակցում են նաև միջազգային տարբեր հարթակներում:
Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների ղեկավարները կիսվել են երկու երկրներում ընթացող բարեփոխումների ընթացքով:
Զինաիդա Գրեչանին պատմել է Մոլդովայում տեղի ունեցած քաղաքական փոփոխությունների մասին, մանրամասներ հայտնել Մոլդովայում ընթացող դատաիրավական բարեփոխումների և Սահմանադրական դատարանում տեղի ունեցած փոփոխությունների վերաբերյալ, մասնավորապես՝ ինչպես են Մոլդովայի ՍԴ նախկին անդամները, որոնք աշխատել են իշխանությունն ուզուրպացրած մեկ անձի ճնշումների ներքո, համարձակություն ունեցել չեղյալ համարել նախկինում իրենց կայացրած ապօրինի որոշումներն ու հրաժարական տվել, և այժմ նոր ձևավորված Սահմանադրական դատարանն աշխատում է ի շահ երկրի՝ պաշտպանելով Սահմանադրությունը:
Զինաիդա Գրեչանին նշել է, որ Մոլդովայի Սահմանադրական դատարանի՝ ամբողջ կազմով հրաժարականից հետո Մոլդովայում ընթանում են դատաիրավական լուրջ բարեփոխումներ:
Մոլդովայի խորհրդարանի խոսնակը նշել է, որ շատ տպավորված է Հայաստանում տեղի ունեցած ճանապարհաշինարարական աշխատանքներով: «Մենք սպասում ենք ձեր վարչապետի այցին Մոլդովա. այն փորձը, որ դուք ունեք հեղափոխությունից հետո, մեզ համար շատ կարևոր է: Մեզ նաև հետաքրքրում է ներդրումներ բերելու ձեր փորձը»,- ասել է Զինաիդա Գրեչանին: Նա ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին, ինչպես նաև Մոլդովայի հետ բարեկամական խմբին հրավիրել է իր երկիր՝ ավելի մանրամասն քննարկելու համագործակցության հարցերը:
Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանում և Մոլդովայում իրադարձությունների զարգացումը թեպետ տարբեր է, բայց նաև շատ ընդհանրություններ կան: ԱԺ նախագահը հայտնել է, որ ապրիլի 5-ին տեղի է ունենալու սահմանադրական հանրաքվե, քանի որ Հայաստանի ՍԴ անդամները, ի տարբերություն Մոլդովայի, ինքնակամ հրաժարական չտվեցին, թեպետ նրանց հնարավորություն տրվեց օգտվելու վաղաժամ կենսաթոշակի գնալու իրավունքից:
Ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ Արարատ Միրզոյանը, ողջունելով հյուրերին, վստահություն է հայտնել, որ նրանց այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների զարգացմանը և հետագա փոխգործակցության ամրապնդմանը:
Նա ընդգծել է, որ Հայաստանը հետաքրքրված է Մոլդովայի հետ սերտ համագործակցությամբ բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, հումանիտար, տեղեկատվական տեխնոլոգիաների: Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ երկու երկրները երկկողմ և բազմակողմ համագործակցության մեծ ներուժ ունեն, Հայաստանի և Մոլդովայի միջև ստորագրված է տարբեր ոլորտներում համագործակցության 22 փաստաթուղթ, իսկ վերջին տարիներին քաղաքական շփումների ընթացքում տեղի են ունեցել բարձր մակարդակի մի շարք հանդիպումներ՝ այդ թվում միջազգային հարթակներում, մասնավորապես ԱՊՀ, ՀԱՊԿ, ԵՏՄ, միջխորհրդարանական միության և այլ կառույցներում:
Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ ընդգծել է միջխորհրդարանական հարաբերությունների կարևոր նշանակությունը երկու երկրների հարաբերությունների համատեքստում և վստահություն հայտնել, որ Հայաստանի և Մոլդովայի խորհրդարանների բարեկամական խմբերի դինամիկ աշխատանքը կուղղվի համագործակցության նոր ուղղությունների և անհատական շփումների ձեռքբերմանը: «Մենք տրամադրված ենք հետագայում ևս ակտիվ աշխատել համագործակցության լայն օրակարգի ձևավորման ուղղությամբ: Վստահ եմ, որ կառուցողական համագործակցության բարձր մակարդակը մեզ թույլ կտա իրացնել բազմադարյա համագործակցությունը մեր խորհրդարանների և երկրների միջև»,- ասել է ՀՀ Ազգային ժողովի նախագահը:
Զինաիդա Գրեչանին, շնորհակալություն հայտնելով հրավերի համար, ասել է, որ առաջին անգամ է Հայաստանում և շատ տպավորված է հյուրասիրությամբ, ավանդույթների պահպանմամբ:
«Մեզ իսկապես շատ հետաքրքիր է ձեր փորձը հեղափոխությունից հետո, համագործակցությունը, ձեր բարեփոխումները: Շատ հետաքրքիր են ձեր դատաիրավական բարեփոխումները, որ այդպես մտածված եք անում, որպեսզի համակարգը չսպասարկի քաղաքական որևէ շահ: Մենք շատ բան ունենք մեկս մյուսից սովորելու և պատրաստ ենք աշխատել բոլոր ուղղություններով: Հայաստանը մեզ համար բարեկամական երկիր է, և այդ բարեկամությունը պետք է պահպանել»,- ասել է Մոլդովայի խորհրդարանի ղեկավարը:
Արարատ Միրզոյանը կիսել է Զինաիդա Գրեչանիի կարծիքը՝ նշելով, որ Հայաստանն ու Մոլդովան չեն կարող իրենց շռայլություն թույլ տալ և կախված լինել աշխարհաքաղաքական հարաբերությունների մի բևեռից: «Մենք համագործակցում ենք բոլորի հետ: Մենք ողջունում ենք ձեր պատրաստակամությունը՝ կիսվել փորձով»,- նշել է Արարատ Միրզոյանը:
Հանդիպման ավարտին Զինաիդա Գրեչանին գրառում է կատարել ԱԺ պատվավոր հյուրերի մատյանում և բարեկամության ծառ տնկել խորհրդարանի այգում: