Թուրքական զինված ուժերը Իդլիբում գնդակոծել են սիրիական 21 թիրախ՝ ի պատասխան թուրքական ռազմական դիրքերի գնդակոծման հետևանքով թուրք զինվորի մահվան, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Anadolu լրատվական գործակալությանը:
«Անկարան մտադիր է ավելի վճռական գործողություններ իրականացնել Սիրիայում»,- հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը: «Մեր մարդիկ են զոհվում: Մենք կանգնած ենք նոր թակարդների առաջ: Անցած գիշեր բանակցություններ էի վարում Պուտինի հետ, իսկ մինչ այդ զրուցել եմ Մակրոնի և Մերկելի հետ: Դրանից հետո մենք որոշեցինք մեր ճանապարհային քարտեզը: Մենք պետք է ավելի վճռական քայլեր ձեռնարկենք»,- ասել է նա՝ շեշտելով, որ Անկարան «չի հնազանդվի համաշխարհային տերությունների սցենարներին»:
Էրդողանը վստահեցրել է, որ «Թուրքիայի քաղաքականությունը Սիրիայում և Լիբիայում ոչ թե արկածախնդրություն է, այլ երկրի ազգային շահերը պաշտպանելու պահանջ»:
Փետրվարի 20-ին թուրքական զորքերը և ընդդիմադիր ուժերը ռազմական գործողություն սկսեցին սիրիական բանակի դեմ, սակայն այն դադարեցվեց, երբ ռուսական զորքերը միջամտեցին հետագա զարգացումները կանխելու համար: