Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Մոլդովայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի գլխավորած պատվիրակությանը՝ ուղեկցությամբ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանի:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը, ողջունելով խորհրդարանի նախագահի այցը Հայաստան, ուրախությամբ հաստատել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները շարունակում են սերտանալ: Նորին Սրբությունն ընդգծել է, որ նմանօրինակ բարձր մակարդակի այցելություններն իրենց նպաստն են բերում երկու պետությունների բարեկամական կապերի առավել ամրապնդմանն ու գործակցության զարգացմանը: Այս առումով Վեհափառ Հայրապետը կարևորել է նաև հայ-մոլդովական միջխորհրդարական բարեկամության խմբի առաքելությունը:
Զրույցի ընթացքում Նորին Սրբությունը գոհունակությամբ արձանագրել է, որ դեռևս 6 դար առաջ Մոլդովայում հաստատված հայ ժողովրդի զավակները կարողացել են կազմակերպել իրենց ազգային և հոգևոր կյանքը՝ իրենց կարևոր ներդրումը բերելով երկրի զարգացման գործում: Անդրադառնալով հայ համայնքի ներկայիս կյանքին և Մոլդովա կատարած իր հովվապետական այցի տպավորություններին՝ Հայոց Հովվապետն իր երախտագիտությունն է հայտնել Մոլդովայի իշխանություններին համայնքի հանդեպ ցուցաբերվող ջերմ և հոգատար վերաբերմունքի համար՝ կարևորելով նաև հայ համայնքի դերը երկու երկրների փոխհարաբերությունների զորացման գործում: Վեհափառը ձևավորված հայ-մոլդովական բարեկամության իբրև վկայություն նկատել է պատվիրակության կազմում Մոլդովայի հայ համայնքի նախագահ և Խորհրդարանի պատգամավոր Հայկ Վարդանյանի ընդգրկումը։
Իր հերթին Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանին ջերմորեն է արտահայտվել երկու ժողովուրդների բարեկամության և բազմադարյա առնչակցությունների մասին։ Խորհրդարանի նախագահը կարևորել է երկու երկրների և ժողովուրդների կյանքում Եկեղեցիների և քրիստոնեական հավատքի դերակատարությունը՝ նշելով, որ այն կարող է նպաստել նաև երկու պետությունների փոխգործակցության խորացմանը: Տիկին Զինաիդա Գրեչանին Նորին Սրբությանը ներկայացրել է երկրում հայկական համայնքի ազգային-հոգևոր կյանքի զարգացմանն ի նպաստ Մոլդովայի իշխանությունների կողմից գործադրվող ջանքերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը ևս հաստատել է, որ երկու ժողովուրդների կողմից դավանվող միևնույն արժեհամակարգը կարևոր հիմք է Հայաստանի և Մոլդովայի միջև հարաբերությունների արդյունավետ զարգացման։
Գարեգին Երկրորդ Կաթողիկոսը մաղթել է, որ Տերն Իր օրհնության ներքո պահի Մոլդովայի բարեսեր ժողովրդին՝ պարգևելով առաջընթաց և բարօր կյանք: